Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունը ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը լուրջ հետևանք է թողնելու դատական համակարգի վրա՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել են Մարտի 1-ի գործով դատավարության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները։ Այսօր ասուլիս էին հրավիրել նաեւ «Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» ակցիայի մասնակիցները:
«Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» ակցիայի մասնակիցներն այսօրվա ասուլիսում հայտարարեցին, որ ակցիաներ իրենք անցկացրել են ինքնաբուխ: Հասկանում են, որ իրենց ձայնը դատարանի համար լսելի չէ, բայց Վերաքննիչ դատարանից ունեն իրենց ակնկալիքը. «Բնականաբար սպասում ենք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը»,- ասաց ակցիայի մասնակիցներից, Սասնա Ծռեր կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը, նշելով, ոչ ակցիաներին մասնակցում է որպես քաղաքացի, կուսակցության անունից հանդես չի գալիս:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հրավիրած մամուլի ասուլիսում փաստաբան Հայկ Ալումյանը պնդեց, թե բոլորի համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որեւէ օրինական հիմք գոյություն չունի: Ասաց, թե իր տպավորությամբ, գնալով էլ ավելի խայտառակ ազդեցություն է անհրաժեշտ լինում՝ Քոչարյանին կալանավորելու կամ կալանքի տակ պահելը շարունակելու համար:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ գործով ստեղծվել է իրավական անհասկանալի իրավիճակ: ՍԴ-ում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նկատեց՝ Վերաքննիչ դատարանի նախագահն արդեն խորհրդակցական սենյակում է, դատական ակտերից մեկը, որ քննարկման առարկա է դարձնելու և հուլիսի 25-ին էլ որոշում է հրապարակելու, վերաբերում է ՍԴ-ում նախնական ուսումնասիրության մեջ գտնվող մի հարցի, որը ՍԴ-ն արդեն ուսումնասիրում է և ուսումնասիրելուց հավելյալ ժամկետի անհրաժեշտություն է տեսել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննարկում տեղի չի ունեցել առհասարակ: Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց՝ ասաց:
«Կոպտագույն կերպով խախտվել են թե՛ մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե՛ ընդհանրապես քրեական դատավարությունում մասնակցության սկզբունքը»:
Հայկական քրեական դատավարության պատմության մեջ նման բան չի եղել՝ հավելեց փաստաբանը: «Սա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը շատ լուրջ հետևանքներ է ունենալու մեր դատական համակարգի համար»:
Պաշտպանական կողմը զրկված էր առարկություններ ներկայացնելու հնարավորությունից եւ, ըստ պաշտպանների, հնարավորություն չեն ունեցել հիմնավորելու, որ որեւէ կերպ հնարավոր չէ ՍԴ դիմելու դատարանի որոշումը ենթարկել բողոքարկման:
«Եթե դատարանը ծանոթ չի կողմերից մեկի փաստարկներին, էդպիսի դատարանի կայացրած ցանկացած դատական ակտ ի սկզբանե ապօրինի է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Իրենց առարկություն-հիմնավորումները փաստաբանները բավականին ծավալուն կերպով այսօր ներկայացրեցին լրագրողներին:
Ռուբեն Սահակյանն էլ հիշեցնելով, որ նույն Մարտի 1-ի գործով կա Եվրոպական դատարանի նախադեպային վճիռ, եզրահանգեց. «Արարքը, որի կատարման մեջ կասկածվում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել: Հարց է առաջանում՝ ինչու՞ է թաքցվում այդ բանը:
Խոսքը Սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքին է վերաբերում: Հաշվի չի առնվում նաեւ նախագահի՝ իր կարգացվիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելիության սահմանադրական դրույթը: