«Դաս N7. Ճանապարհային խցանումների դեմ պայքարելու համար, ոչ թե պետք է ճանապարհներ կառուցել, այլ ձևավորել ճիշտ մոտիվներ ավտոսեփականատերերի համար»: Այսպես է վերնագրված մեր ժամանակների ռուս հայտնի տնտեսագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Սոնինի «Sonin.ru: Уроки экономики» գրքում ներկայացված 27 «դասերից» մեկը, որտեղ հեղինակը անդրադառնում է հանրության համար ոչ ցանկալի երևույթների (այդ թվում նաև վնասակար սովորությունների) դեմ պայքարին և ներկայացնում «շտկող հարկերի» (корректирующие налоги, corrective taxes) հայեցակարգը։ Շտկող հարկերին այսօր b4b.am կայքում անդրադարձել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, որի հեղինակած հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
Շտկող հարկեր
Ոչ ցանկալի երևույթների (այդ թվում նաև վնասակար սովորությունների) դեմ պայքարը միշտ արդիական է եղել մարդկության համար, ոմանք ցանկացել են/ ցանկանում են պայքարել ալկոհոլամոլության, ծխախոտի օգտագործման դեմ, մյուսները՝ մորուք կրելու, նույնասեռականության, ամուսնական անհավատարմության դեմ և այլն։ Պայքարի գործիքակազմի առումով ոմանք ռադիկալ միջոցների կողմնակից են, մյուսները՝ չափավոր։
Հենց այդ չափավոր միջոցներից մեկն էլ հանդիսանում են «ճշգրտող հարկերը», ընդ որում՝ այն ամենևին նոր գաղափար չի և դարեր շարունակ տարբեր երկրներում կիրառություն է ունեցել, թեև միայն 1930-ականներին է, որ անգլիացի տնտեսագետ Արթուր Պիգուն ուսումնասիրել է այդ երևույթը և տվել տեսական հիմնավորումը։
Ո՞րն է Պիգուի ավանդը շտկող հարկերի տեսությունում․ նա ձևակերպել է այն պայմանը, թե երբ շտկող հարկի կիրառումը կարող է արդյունավետ լինել։ Դիցուք X ընկերությունը ստեղծել է աշխատատեղեր, վճարում է հարկեր պետությանը, ձևավորում է շահույթ իր սեփականատերերի համար, սակայն իր գործունեության բնույթով աղտոտում է նաև շրջակա միջավայրը (մասնագիտական լեզվով ասած՝ առաջացնում է բացասական էքստերնալներ), որի համար պետությունը պետք է կատարի լրացուցիչ ծախսեր։
Ի՞նչ է ասում Պիգուն․ Պիգուն ասում է` եթե հասարակությունը շահագրգիռ է և՛ X ընկերության գործունեությամբ, և՛ շրջակա միջավայրի պաշտպանությամբ, ապա այնքան հարկ պետք է սահմանել, որը «չի սպանի» այդ ընկերությանը և միաժամանակ թույլ կտա ծածկել շրջակա միջավայրի մաքրման ծախսերը։ Թվում է, թե շատ պարզ է, բայց իրական կյանքում շատ դժվար է որոշել բացասական էքստերնալների չափը և դրա հիման վրա սահմանել Պիգույի հարկի դրույքաչափը։
Շտկող հարկերի կիրառությունն աշխարհում
Խոշոր մեգապոլիսները տրանսպորտային խցանումների և ավտոմեքենաների վնասակար արտանետումների դեմ պայքարելու համար քաղաքը գոտիավորում են և առանձին գոտիներ մուտք գործելու համար հավելյալ վճարներ են սահմանում։ Այս դեպքում առաջամարտիկներից մեկը Լոնդոնն է, որտեղ աշխատանքային օրերին առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 6-ը ultra-low emission zone մուտք գործելու համար 2003 թ.-ից սահմանվել է հատուկ վճար (congestion charge) յուրաքանչյուր օրվա համար, սկզբում՝ 5 ֆունտ, ապա 8 ֆունտ, իսկ ներկայումս 11.5 ֆունտ է։ Ի հավելումն դրա՝ սկսած 2019 թ. ապրիլից 12․5 ֆունտ է գանձվում՝ մինչև 2006 թ. արտադրության բենզինային շարժիչով և մինչև 2015 թ. արտադրության դիզելային շարժիչով մեքենաների համար, որը գործում է 24/7 ռեժիմով։ Մարդատար մեքենաների սեփականատերերը, ովքեր չեն վճարի կտուգանվեն օրական 160 ֆունտով:
Այդ գումարները, որոնք հավաքագրվում են, ուղղվում են հասարակական տրանսպորտի համակարգի բարելավմանը, ինչը ժամանակին ողջունվել է լոնդոնցիների կողմից (2004 թ. քաղաքապետը վերընտրվել է), սակայն հիմա պատկերն այլ է։ Թեև Մեծ Բրիտանիայի քաղաքական օրակարգում վերջին ամիսներին ամենաթեժ հարցը Brexit-ն է, բայց ռիսկ կա, որ այսպիսի խստացումը կարող է հանգեցնել «դեղին ժիլետների» նման բողոքի ցույցերի։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է Պիգուի պայմանը տեղի չունենա՝ Լոնդոնի կենտրոնում հնարավորինս մատչելի երթևեկելու և մաքուր օդ ունենալու հասարակության շահը չհավասարակշռվի, 2018 թ հունիսի տվյալներով իրավիճակը բավականին սահմանային էր՝ 56% կողմ, 40% դեմ։
Նորարարական հարկային քաղաքականություն
Ներկայումս տարբեր երկրների կառավարություններ կարծես թե փորձում են շտկող հարկերի հայեցակարգը համատեղել նորարարական հարկային քաղաքականության (innovative taxation) գաղափարի հետ, երբ պետությունը խթանում է մարդու առողջությանը և բնությանը վնասակար ապրանքների փոխարինումը պակաս վնասակար ապրանքներով՝ կիրառելով դիֆերենցված հարկում, ելնելով կոնկրետ չափանիշներից։
Օրինակ՝ ԵՄ տարածքում ալկոհոլամոլության դեմ պայքարի շրջանակում, մի շարք երկրներ (Դանիա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն և այլն) ակցիզային հարկի ավելի ցածր կամ 0-ական դրույքաչափ են կիրառում մինչև 2.8% ալկոհոլի պարունակությամբ գարեջրի նկատմամբ։ Իմաստն այն է, որ պետությունը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի բնակչությունը վնասակար ապրանքները փոխարինի քիչ վնասակար փոխարինիչներով։
Հայաստանը ևս քայլեր է ձեռնարկել նորարարական հարկային քաղաքականության ներդրման ուղղությամբ՝ ի դեմս էլեկտրական շարժիչով շահագործվող ավտոմեքենաների ներմուծման և օտարման գործարքների ԱԱՀ-ից ազատման, այդուհանդերձ այս ուղղությամբ դեռ մեծ աշխատանքներ կան տանելու, և պետությունը նմանատիպ մոտեցում կարող է որդեգրել բազմաթիվ ապրանքների դեպքում, այդ թվում՝ թույլ ալկոհոլային ապրանքների, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներին և այլն։
2019 թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով շահագործվող մեքենաների ներմուծումը և օտարումը ազատված է ԱԱՀ-ից։