Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով»:
Իրանի հարավային Ֆարս նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 19 մարդ, մոտ 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ամենաշատը տուժել է Շիրազ քաղաքը: Հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղ է Իրանի 31 նահանգներից 25-ում: Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ հնարավոր է հեղեղումներ լինեն նաեւ մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաեւ Խուզեստան նահանգում: Ջրհեղեղից տուժել է շուրջ 60 հազար մարդ։