Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը եւ խաղերի մի մասը տեղի կունենան Ստեփանակերտում: Այդ մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Նա կազմակերպչական հարցեր է քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սահակյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Լրագրողներին Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ 7-րդ ամառային խաղերի բացումն Արցախում կազմակերպելու մասին հայտարարվել էր դեռեւս 2015 թվականին: 2019թ.օգոստոսին կայանալիք խաղերի մի մասը եւս Ստեփանակերտում է անցկացվելու:
«Մասնակիցները Ստեփանակերտ կժամանեն օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին տեղի կունենա խաղերի հանդիսավոր բացումը: Արցախում մրցումային երեք օր է լինելու. կանցկացվեն այն խաղերը, որոնց համար նյութատեխնիկական հնարավորություններ կան: Օգոստոսի 8-ից խաղերը տեղափոխվելու են Երեւան: Համահայկական 7-րդ ամառային խաղերի փակումը նախատեսված է օգոստոսի 17-ին»,- ասել է Զաքարյանը: