Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ
2019-03-11 23:00:39

«Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում»,- մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունները՝ Արմենպրեսի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։

Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են արել «ձեռնպահ մնալ միակողմանի կարգով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջից՝ առանց մյուս կողմի համաձայնության»։

«ԵԱՀԽ Հելսինկյան լրացուցիչ հանդիպման 1992 թ․ մարտի 24-ի որոշման մեջ որևէ համայնքների մասին հիշատակում չկա, փաստաթղթում որպես շահագրգիռ կողմեր նշված են «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»,-նշել է Արտակ Ներսիսյանը։

«Հակամարտության ձևաչափի և բանակցությունների կողմերի կարգավիճակի հարցը երկարատև քննարկումների առարկա է եղել, որն անցել է զարգացման որոշակի ճանապարհ։ Արդեն 1993 թ․ Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ։ Տվյալ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ․ Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ․ մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 1994թ․ հուլիսի 26-27-ը Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Ներսիսյանը։

Ըստ Արտակ Ներսիսյանի, բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը:

«Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն: Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- ասել է պաշտոնյան:

Ամենաընթերցվածը