Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ովքե՞ր կարող են դառնալ ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական հենարանը
2018-08-06 18:15:48
45 պատգամավոր միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Մինչ այս պահը հանրությունն այդպես էլ չգիտի, թե որ պատգամավորներն են անձնական երաշխավորություն ստանձնում Քոչարյանին կալանքից ազատելու համար: Երկրորդ նախագահի գրասենյակն այս պահին հարկ չի համարում անունների հրապարակումը: Հայտնի է, սակայն, որ ստորագրողների գերակշիռ մեծամասնությունը Հանրապետական խմբակցությունից են՝ այդ թվում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ստորագրողների մեջ կան նաեւ պատգամավորներ Դաշնակցություն խմբակցությունից: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, փաստաթղթի գաղտնիությունը մեկ օրվա կյանք ունի, սպասում է, որ վաղը Վերաքննիչ դատարանում ցանկը կհրապարակվի: Հանրային եւ ֆեյսբուքյան քննարկումներում կասկածում են, որ գաղտնապահությունը հնարավոր է կապված լինի նաեւ այն գործոնի հետ, որ այսօր խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժից եւս երկուսի ներկայացուցիչները նույնպես կարող են մասնակցած լինել ստորագրահավաքին: <<Ելք>> խմբակցությունից Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս խոսակցություններին՝ պաշտոնապես հայտարարելով, որ դա ապատեղեկատվություն է: Այն տարածողներին հորդորել է ձեռնպահ մնալ «Ելք» դաշինքի վերաբերյալ, իր բնորոշմամբ, ճղճիմ լուրեր տարածելուց։ <<Ծառուկյան>> խմբակցությունից որեւէ անդրադարձ չի եղել: Այդ ուժի պատգամավորները հենց սկզբից հայտարարեցին, որ գործը իրավական հարթությունում է եւ զերծ են մնում մեկնաբանություններից: Միակ մեկնաբանությունն այդ ուժից տվեց պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Քոչարյանի կալանավորումը հետապնդում որակելուց հետո հաջորդ օրը հայտնի դարձավ, որ այդ պատգամավորը պատրաստվում է վայր դնել իր մանդատը: Այս ամենը վկայում է, որ գործընթացում առկա է նաեւ ներքաղաքական դաշտում առաջիկա փոփոխությունների հիմքը: Համենայնդեպս՝ դա տեսնում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ներքաղաքական կյանքում Քոչարյանի ակտիվացում է կանխատեսում նաեւ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, բայց այս պահին գործընթացներն անհեռանկարային է համարում: Քաղաքագետը չի կարծում, որ 45 պատգամավորի ստորագրությունը որեւէ նշանակություն կունենա դատարանի համար եւ հիմք կտա փոխել Քոչարյանի խափաման միջոցը։ Սաֆարյանի կարծիքով՝ տարբեր անհատների վրա Քոչարյանի ազդեցության լծակները կիրառելի են նաեւ նրա կալանավորման պայմաններում: Պատահական չի համարում, որ ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանն այժմ հերքում է <<Վիքիլիքսի>> բացահայտումները, թե նախագահի աշխատակազմից 2008- ին փորձել են ազդել իր որոշումների վրա:
Ամենաընթերցվածը