Շահո՞ւմ ենք արդյոք բարձրաստիճան հոգևորականներին դիվանագիտական անձնագրերից զրկելով
2018-08-04 14:00:38
Այս ամսից արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր են: Արտգործնախարարության այս հայտարարությունից հետո պարզվեց, որ ուժը կորցրած են համարվել նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների դիվանագիտական անձնագրերը, ինչը նրանց հնարավորություն էր տալիս մուտք գործել այլ երկրներ: Ընդ որում՝ զրկում են դիվանագիտական անձնագրերից առանց տեղյակ պահելու վերջիններին. կարելի էր գոնե տեղեկացնել, որպեսզի անակնկալ չլիներ՝ ասում են հոգեւորականները:
Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այս որոշման հետ կապված ընդամենը մեկ հարցադրում է անում.
«Ինչ շահեց ՀՀ եպիսկոպոսներին այսպես հապշտապ զրկելով դիվանագիտական անձնագրից: Եկող տարվա ապրիլին միևնույնն է լրանում էր վավերականության ժամկետը, թող սպասեին լրանար ու չերկարացնեին, ինչո՞ւ արագ կերպով զրկեցին»։
Կատարվածը, այդուհանդերս, եպիսկոպոսներին չի զայրացնում, պարզապես հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը փնտրելու ճանապարհին որոշ եզրահանգումներ են արվում, մասնավորապես.
«Ուզում են հեղափոխություն անել բոլոր ոլորտներում: Ընդհանուր անպարկեշտ վերաբերմունք է եպիսկոպոսների նկատմամբ»:
Ինչո՞վ է պայմանավորված բարձրաստիճան հոգեւորականներին նախկին պաշտոնյաների շարքերում դասելու որոշումը: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան տեղեկացրեց որ դիվանագիտական անձնագրից կարող է օգտվել միայն կաթողիկոսը:
Ստացվում է, որ տուժում են միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եպիսկոպոսները:
«Անհավասար պայմաններ են ստեղծվում հայաստանցի եպիսկոպոսների համար: Ինձ բավարարում է ՀՀ քաղաքացի լինելը, չեմ ուզում այլ երկրի քաղաքացի լինել»,-Միքայել սրբազանը նշում է, որ փաստորեն այլ երկրի քաղաքացիություն ունեցողները կարող են անարգել տեղաշարժվել։
Ամենաընթերցվածը
ԾՐԱԳՐԵՐ