Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր մի խումբ քաղքաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք խիստ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի կապակցությամբ:
Նույն վայրում օրվա երկրորդ կեսին հակընդդեմ ակցիա են կազմակերպել Հայաստանի կոմունիստները: Կուսակցությունը հայտարարություն է հրապարակել, որում խստորեն քննադատել է հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը:
«Բոլոր իրադարձությունները վկայում են, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը դարձել է լուրջ սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ քաղաքացիների անվտանգության համար»:
Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր իրենց անհանգստությունը հայտնեցին ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի հետ կապված: Մասնավորապես, որ այնտեղ ծառայում են այնպսի մարդիկ, որոնք վտանգում են ՀՀ քաղաքացիների կյանքը:
Ակցիայի մասնակիցներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը ընթերցեց հանրագիրը: Այն ուղղված էր ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ իշխանություններին: Վերջիններիս կոչ է արվում կնքել այնպիսի պայմանագրեր, որոնցում չեն ստորադասվի Հայաստանի շահերը.
«Պահանջում ենք նաեւ, որ Ռուսաստանից հարգել ՀՀ օրենսդրությունը: Եթե Ռուսաստանը չվերանայի իր քաղաքականությունը եւ չփոխի այնտեղ տիրող իրավիճակը, ապա, կարծում եմ, Հայաստանում հնարավոր է աստիճանաբար ավելի արմատական դրվի այդ հարցը»:
Ակցիային մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Նարինե Դիլբարյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ունենալով նախադեպեր ճիշտ են համարում իրենց մտահոգությունները փոխանցել նոր դեսպանին:
Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցնում են մտահոգությունների հիմքերը՝ նախադեպերը՝ 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Այս ռազմաբազայի ծառայողի մասնակցությամբ հերթական դեպքն արձանագրվեց դեկտեմբերի 3-ին:
Ռուս զինծառայողը դաժան ծեծի էր ենթարկել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա աշխատակցուհուն, ինչի հետևանքով կինը մահացել էր: Ակցիայի մասնակիցներն այսօր նաեւ պահանջում էին հայկական կողմին հանձնել սպանությունը կատարած զինծառայողին:
Խնդրին վերջերս հայտարարությամբ անդրադարձել է ՌԴ դեսպանատունը, ապա նաեւ մամուլի ասուլիսում նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպերկինը: Երկու դեպքում էլ՝ հորդոր էր հղվել չքաղաքականացնել ողբերգությունը:
«Սա, այսպես ասենք, խիստ քաղաքականացված ակցի չէ, սա քաղաքացիական հասարակության դիրքորոշում է»,- շեշտեց Նարինե Դիլբարյանը:
Բողոքի քաղաքացիական նախաձեռնությանն այսօր միացել էին նաեւ երկու քաղաքական ուժ՝ Պահպանողական կուսակցությունը եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Վերջիններս, սակայն, ընդհանուր հանրագրին չմիացան: Թե ինչու՞, պարզապանեց ՀԵԿ նախագահ Տիգրան Խզմալյանը.
«Նրանց պահանջները մեզ համար այնքան էլ հստակ չեն: Այդ պատճառով չստորագրեցինք դա: Այստեղ մենք՝ ՀԵԿ-ը, եկել ենք մեկ պահանջով՝ Հայաստանից ռուսական բանակը օր առաջ պետք է դուրս բերվի»:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև երկրորդ բողոքի ակցիան է անցկացվել: Նախաձեռնողները Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն էին՝ «Ոչ հակառուսական սադրանքներին», «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսերով: Ակցիայի ժամանակ կուսակցությունը հայտարարություն է հրապարակել, որում խստորեն քննադատել է հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը: