Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ կլուծի կամ ինչպե՞ս կլուծվի Երևանի տրանսպորտային ցանցի գորդյան հանգույցը
2018-12-25 11:08:28

Լիանա Եղիզարյան

«Ռադիոլուր»

Տրանսպորտը բարեփոխելու համար ընդամենը ամիսներ են պետք՝ հայտարարում է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա համար անհասկանալի է Երեւանի քաղաքապետի հայտարարած 2- 4 տարվա ժամկետը։ Երեւանի տրանսպորտի բարեփոխման հակադիր մոտեցումներին՝ «Ռադիլուր»-ի անդրադարձը:

0:00
0:00

Տարինե՞ր, թե՞ ամիսներ. որքա՞ն ժամանակում է իրատեսական բարեփոխել մայրաքաղաքի տրանսպորտը: Երեւանի քաղաքապետի համար հստակ արդյունքներ ապահովող արմատական ծրագրերը տեղավորվում են տարիների մեջ:

«Առնվազն երկու տարի ժամանակ է պետք ամբողջական ցանցի փոփոխման համար: Սա առնվազն 2-4 տարի կարող է ձգվել»,- ասում է Հայկ Մարությանը:

«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի առարկությունները քաղաքապետի մոտեցումներին սկսվում են հենց ժամկետերից:

«Եթե էսօր սկսեն աշխատել՝ 3 ամիս անց կարող ենք արդեն ունենալ բոլոր մրցույթների հաղթողներին, 6 ամիս էլ մոբիլիզացիոն ժամկետ տանք, որ այս ընթացքում օպերատորը կարողանա գալ ու համակարգը ներդնել»:

Հայկ Մարությանն ավելի վաղ տրանսպորտից դժգոհ երեւանցիներին փոխանցել էր՝ իրենք այժմ սպասում են նախկին իշխանության ընտրած բրիտանական ընկերության հետազոտության վերջնարդյունքին: Այս հետազոտության հիմքով է կազմվել Երեւանի տրասնպորտային ցանցի նոր նախագիծը: Բայց քաղաքապետը մտահոգություն ունի՝ արդյո՞ք 2014 թվականից իրականացվող՝ 850 հազար եվրո արժեքով այս ուսումնասիրությունը ժամանակավրեպ չէ, քանի որ դրա հիմքում դեռ 2014-ի ուղեւորահոսքի պատկերն է:

«Միգուցե նախորդ իշխանություններն այս հետազոտությունն անում էին ուղղակի անելու համար, հանրությանը ցույց տալու համար, որ ասեին՝ տեսեք՝ ուզում էինք անել, բայց չստացվեց: Դուք լավ գիտեք, որ գծատերեր կան, որոնք իրենց հետ կապված են, հենց իրենք գծեր ունեն եւ այլն, և այլն: Եւ գծեր կորցնելով իրենք կորցնում են շատ մեծ գումարներ»:

Երեւանում գծատեր լինելը շահութաբե՞ր է, թե՞ այլևս չէ՝ Մարությանի համար միանշանակ չէ: Սակայն քաղաքապետը չի բացառում, որ հավելյալ ուսումնասիրության, անգամ թանկարժեք այս ուսումնասիրությունից հրաժարվելու կարիք լինի, եթե տվյալների շեղումը գերազանցի 20 տոկոսը:

«Նախորդ իշխանությունները, ցավոք, բազմիցս հայտարարել են, որ փոխելու են տրանսպորտային ցանցը: Եվ ինչով է սա վնաս տվել մեզ: Հերիք չէ, որ ուղղակի ստել են, կամ ներողություն, ճիշտ չեն իրազեկել, սրանով այսօր տրասնպորտային ցանցը սպասարկողին մեսիջ են տվել, որ շուտով փոխվելու է, ու վերջիններս ոչ մի լումայի ներդրում չեն կատարել ցանցում»:

Այնինչ Բաբկեն Պիպոյանն անհիմն է համարում Հայկ Մարությանի դիտարկումը, թե տարիների աշխատանքը կարող է ժամանակավրեպ լինել, ցանցի նախագիծը՝ հնացած, կատարված ծախսերը՝ անհիմն: Տրանսպորտային ցանցը 60-65 տոկոս ծանրաբեռնվածության համար է կազմված ու անգամ որոշակի շեղումների դեպքում նախագիծը կիրառելի է:

Միջազգային խորհրդատուն եւս հիմնավորել է դա՝ ասում է Պիպոյանը, որը ներգրավված է եղել տրանսպորտի նոր նախագծի կազմմանը: Ուղեւորահոսքի նորից ուսումնասիրելու կարիք չկա՝ ինչպես քաղաքապետն է կարծիք հայտնել: Նախկին իշխանությունների հասցեին վատ բաներ ասելու ժամանակն անցել է, հիմա աշխատելու ժամանակն է՝ հայտարարում է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը: Սխալ է ոչ թե կազմված ցանցը, այլ՝ քաղաքապետին զեկուցվածը:

« Խոսքս ուղղում եմ քաղաքապետին՝ ընդամենը ձեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը կարդացեք: Ձեզ սխալ են զեկուցում: Ինձանից շատ ոչ ոք ասած չլինի՝ 850 հազարը շատ է, դեռ վճարված է 600 հազարը, 200 հազարն էլ պետք է վճարվի: Նախկին իշխանությունը չի թաքցրել, որ պետք է վճարի»:

Պիպոյանի պատկերացմամբ՝ տրանսպորտային խնդիրների լուծումը ենթադրում է նաեւ տոմսային համակարգի ներդրում, իսկ քաղաքացին էլ պետք է հասկանա՝ Երեւանի մի ծայրից մյուսը հասնելու համար պարտադիր չէ, որ իրեն մեկ տրանսպորտ սպասարկի: Նույն ուղղությունը կարող է շարունակել մեկ այլ տրանսպորտով, բայց նույն տոմսով:

Հայկ Մարությանի ծրագրային պատկերացումները կամբողջանան հունվար-փետրվարին: Մինչ այդ հայտարարում է՝ հասարակական տրանսպորտից օգտվելու «պատիվ» ինքն էլ ունի, ու օր առաջ այս պատկերը փոխելն իրենց օր ու գիշերվա աշխատանք է արժենում, որպեսզի երեւանցին միջազգային ու մարդկային չափորոշիչներով տրանսպորտ ունենա:

Ամենաընթերցվածը