2001-2015 թթ. դասախոսել է Երևանի մի շարք բուհերի, այդ թվում` ԵՊՀ և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ռադիոժուռնալիստիկա, ռադիոլրագրողի վարպետություն, ռադիոմոնտաժ և ձևավորում, արտասահմանյան երկրների ժուռնալիստիկայի պատմություն, լրատվամիջոցների արդի հիմնախնդիրները, հայ մամուլի պատմություն մասնագիտական առարկաները:
2018 թ. մասնակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մայիսյան տոներին նվիրված հաղորդմանը` ներկայացնելով Հայաստանի 1-ին հանրապետության մամուլը: Գիտական 3 մենագրության, բուհական դասախոսությունների ժողովածուի և 30-ից ավել հոդվածների հեղինակ է:
1990 թ. սեպտեմբերից ընդունվել է աշխատանքի Հայաստանի Ազգային, (այժմ`Հանրային) ռադիոյում: Սկզբնական շրջանում աշխատել է մշակութային, ապա երիտասարդական, հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագրություններում, որտեղ պատրաստել է հաղորդումներ հետևյալ խորագրերով` «Երիտասարդություն», «Անթրոց» (հեղինակային), «Եթեր ց’պահանջ», «Բարի լուր» (հեղինակային), «Ընտանիք»:
1998 թ. տեղափոխվել է «Սերունդ» երիտասարդական ծրագիր, հեղինակել է «Հայկական բանակ», «Իմ իրավունքը» և «Մոր և մանկան առողջություն» հաղորդաշարերը: 2002 թ. ընդգրկվել է աշխատանքի «Ռադիոէքսպրես» երիտասարդական ծրագրում, որտեղ պատրաստել է «Նվիրական անուններ» և «Օրենքի ուժով» էջերը:
2003 թ., երբ սկսեց եթեր հեռարձակվել «Հայաստան-սփյուռք», հետագայում` «Կամուրջ» վերանվանված ծրագիրը, առաջին օրվանից մասնակցել է խմբագրության աշխատանքներին` շարունակելով պատրաստել «Նվիրական անուններ», «Հայկական բանակ» շարքերը, ինչպես նաև նորերը` «Հայկական գաղթօջախներ», «Ներդրումները Հայաստանում», «Կրթական խնդիրները սփյուռքում», «Հայ դատ», «Նշանավոր հայեր» էջերը:
2016-2018 թթ.. պատրաստել է հեղինակային «Հայկական գաղթօջախներ», ինչպես նաև` «Հայոց բանակ 25», «Հայ դատ» հաղորդաշարերը: 2018 թ. սեպտեմբերից պատրաստում է հեղինակային «Հայկական հարց» հաղորդաշարը: Արժանացել է շնորհակալագրերի և պարգևների: