Սարգիս Նաջարյանը ՀՀ վաստակավոր լրագրող, դերասան, հաղորդավար, թարգմանիչ և սցենարիստ է: Ծնվել է 1950 թ.-ի հուլիսի 12-ին Երևանում: Նախնիները գաղթել են Բայազետից (Արևմտյան Հայաստան): Ավարտել է օտար լեզուների ինստիտուտի անգլիական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի «Դերասանի վարպետություն» հեռակա բաժինը:
1971 թ.-ից առ այսօր անընդմեջ աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում որպես հաղորդավար-սցենարիստ: Ռադիոաշխատանքին զուգահեռ ելույթներ է ունենում նաև բեմում որպես ասմունքող և դերասան: Իր «Կոմիտաս. հավերժի ճամփորդը» մոնոներկայացմամբ հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Հորդանանում, Արաբական Էմիրություններում, Ավստրալիայում, Երևանում, Արցախում և Գավառում:
Աշխարհիկ և հոգևոր կյանքում ունեցած վաստակի համար արժանացել է Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի անձնական արծաթե մեդալին, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի շնորհակալագրին, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալին և այլ պարգևների: