Արտահանման և ներմուծման հաշվեկշռում Հայաստանի թիվ մեկ գործընկերը ԵԱՏՄ անդամակցության մասին հայտարարելուց հինգ տարի հետո էլ շարունակում է մնալ Ռուսաստանը։
Արտաքին առևտրում ունենք էական առաջընթաց, սակայ բավարար չէ, այսօր ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրական կամուրջ դառնա աշխարհի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև: Արտահանողների միության նախագահ Չաֆֆի Մխչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստել է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ- ին անդամակցելուց հետո էլ արտահանողների խնդիրները չեն նվազել՝ բացառությամբ մեկ փաստաթղթի:
Ուղիղ հինգ տարի առաջ այս օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ մեր երկրի տնտեսական ու քաղաքական վեկտորը փոխվում է դեպի ԵԱՏՄ: Այսօր էլ Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Հենց այս երկիր ենք մենք ամենաշաատ ապրանք արտահանում ու ներկրում: Սրա մասին նաև վիճակագրությունն է փաստում:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ. «Արտաքին առևտրում ունենք էական առաջընթաց, սակայն բավարար չէ՝ ընդգծում է Մինասյանն ու խոստովանում՝ ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները շատ քիչ ենք օգտագործում»:
«Շեշտադրումը, որ առավելագույնը օգտագործենք: Դառնանք իրական կամուրջ՝ ԵՄ, աշխարհի այլ երկրներ և ԵԱՏՄ: Հնարավորությունը կա, Հայաստանը լավագույն օրինակն է, որը կարող է համատեղել ու երկու առևտրային տարբեր ռեժիմներով ապահովել անհրաժեշտ կառուցվածքն ու փոփոխությունները»:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարն արձանագրում է՝ չիրացված հսկայական ներուժ կա: Արծվիկ Մինասյանը կոնկրետ օրինակ է մատնանշում՝ արդեն երկու տարի է, ինչ հայկական «Արմթաբ»-ը փորձ է արվում տանել ռուսական շուկա, սակայն ՌԴ-ն ունի իր ներքին ընթացակարգերը:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանից եմ փորձում տեղեկանալ՝ ի՞ նչ է փոխվել արտահանողների կյանքում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:
Միայն մեկ թուղթ՝ սա է պակասել, մնացած ամեն ինչը նույնն է: ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՌԴ ենք ապրանք արտահանում: Մխչյանը շուկաների դիվերսիֆիկացման հարցն է կարևորում՝
Զրուցակիցս երկար կարող է թվարկել արտահանողների առջև կանգնած խնդիրները, բայց հիմնականում երկու հարց է առանձնացնում. սահմանային անցման կետերում գյուղմթերքի արտահանման ժամանակ ֆիտոսանիտարիական ծառայությունների համար անհրաժեշտ հավաստագիրը և մաքսատներում օրենքի սահմաններում ստեղծված քաշքշուկները գյուղացիական փոքր տնտեսությունների համար: Նաեւ շեշտում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ և ոչ մի երկրի հետ ընդհանուր սահման չունի: