Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանի կողմ եւ դեմ կարծիքներ՝ արդեն մամուլի ակումբներում
2019-06-21 18:52:41

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունը ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը լուրջ հետևանք է թողնելու դատական համակարգի վրա՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը:

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել են Մարտի 1-ի գործով դատավարության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները։ Այսօր ասուլիս էին հրավիրել նաեւ «Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» ակցիայի մասնակիցները:

           

«Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» ակցիայի մասնակիցներն այսօրվա ասուլիսում հայտարարեցին, որ ակցիաներ իրենք անցկացրել են ինքնաբուխ: Հասկանում են, որ իրենց ձայնը դատարանի համար լսելի չէ, բայց Վերաքննիչ դատարանից ունեն իրենց ակնկալիքը. «Բնականաբար սպասում ենք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը»,- ասաց ակցիայի մասնակիցներից, Սասնա Ծռեր կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը, նշելով, ոչ ակցիաներին մասնակցում է որպես քաղաքացի, կուսակցության անունից հանդես չի գալիս: 


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հրավիրած մամուլի ասուլիսում փաստաբան Հայկ Ալումյանը պնդեց, թե բոլորի համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որեւէ օրինական հիմք գոյություն չունի: Ասաց, թե իր տպավորությամբ, գնալով էլ ավելի խայտառակ ազդեցություն է անհրաժեշտ լինում՝ Քոչարյանին կալանավորելու կամ կալանքի տակ պահելը շարունակելու համար:

 

Ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ գործով ստեղծվել է իրավական անհասկանալի իրավիճակ: ՍԴ-ում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նկատեց՝ Վերաքննիչ դատարանի նախագահն արդեն խորհրդակցական սենյակում է, դատական ակտերից մեկը, որ քննարկման առարկա է դարձնելու և հուլիսի 25-ին էլ  որոշում է հրապարակելու, վերաբերում է ՍԴ-ում նախնական ուսումնասիրության մեջ գտնվող մի հարցի, որը ՍԴ-ն արդեն ուսումնասիրում է և ուսումնասիրելուց հավելյալ ժամկետի անհրաժեշտություն է տեսել:

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննարկում տեղի չի ունեցել առհասարակ: Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց՝ ասաց:

 

«Կոպտագույն կերպով խախտվել են թե՛ մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե՛ ընդհանրապես քրեական դատավարությունում մասնակցության սկզբունքը»:

 

Հայկական քրեական դատավարության պատմության մեջ նման բան չի եղել՝ հավելեց փաստաբանը:  «Սա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը շատ լուրջ հետևանքներ է ունենալու մեր դատական համակարգի համար»:

 

Պաշտպանական կողմը զրկված էր առարկություններ ներկայացնելու հնարավորությունից եւ, ըստ պաշտպանների, հնարավորություն չեն ունեցել  հիմնավորելու, որ որեւէ կերպ հնարավոր չէ ՍԴ դիմելու դատարանի որոշումը ենթարկել բողոքարկման:

 

«Եթե դատարանը ծանոթ չի կողմերից մեկի փաստարկներին, էդպիսի դատարանի կայացրած ցանկացած դատական ակտ ի սկզբանե ապօրինի է»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

Իրենց առարկություն-հիմնավորումները փաստաբանները բավականին ծավալուն կերպով այսօր ներկայացրեցին լրագրողներին:

Ռուբեն Սահակյանն էլ հիշեցնելով, որ նույն Մարտի 1-ի գործով կա Եվրոպական դատարանի նախադեպային վճիռ, եզրահանգեց. «Արարքը, որի կատարման մեջ կասկածվում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել: Հարց է առաջանում՝ ինչու՞ է թաքցվում այդ բանը:

 

Խոսքը Սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքին է վերաբերում: Հաշվի չի առնվում նաեւ նախագահի՝ իր կարգացվիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելիության սահմանադրական դրույթը:

 

0:00
0:00

Ամենաընթերցվածը