Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերջնագիր Հրայր Թովմասյանին՝ ՍԴ շենքից դուրս
2019-06-21 18:31:36

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի առաջին աշխատանքային օրը տարաբնույթ սպասելիքներ է առաջացրել հանրության մոտ: Խնդիրը կապված է Գրիգորյանի երեկվա հայտարարության հետ, երբ երդման տեքստը ընթերցելուց առաջ հայտարարեց, որ մտնելով ՍԴ շենք ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները: Ասում են՝ հայտարարությունն անակնկալ է եղել անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար:

Այսօր Սահմանադրական դատարանի շենքում եղել են եւ Վահե Գրիգորյանը, եւ Հրայր Թովմասյանը, եւ ՍԴ մյուս անդամները: Սահմանադրական դատարանն այսօր անգամ որոշումներ է ընդունել, բայց ահա նորընտիր դատավորի երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը դատարանում չեն անդրադարձել:

ՍԴ անդա՞մ է, թե դատավո՞ր՝ այս հարցի պատասխանը չհստակեցնող Արեւիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ Վահե Գրիգորյանն այսօր հանդիպում չի նախաձեռնել:

«Վահե Գրիգորյանն այսօր աշխատակարգային նիստի սկզբում ներկա է եղել, որից հետո չի ցանկացել մասնակցել նիստին: Մեկ դատավոր է բացակայել մեր նիստը իրականացրել ենք սահմանված ընթացակարգով: Մոտ մեկ տասնյակ գործեր, որոնց առնչությամբ ընդունեցինք որոշումներ: Վահե Գրիգորյանը հանդիպման նախաձեռնություն չի ունեցել: Ցանկություն չունեմ հիմա մեկնաբանել, քանի որ Վահե Գրիգորյանը ցանկություն է ունեցել իր դիրքորոշումներն արտահայտել: Կարտահայտի՝ կքննարկենք, կհասկանանք, կտեսնենք, թե ինչպես կշարժվենք առաջ»:  

Շատերը տեսան, թե ինչպես առավոտը աշխատանքի ժամանեց Հրայր Թովմասյանը, բայց չտեսան, թե ինչպես ՍԴ շենք մտավ Վահե Գրիգորյանը: Ասում են՝ ավելի վաղ էր եկել:  Թովմասյանը, փաստորեն, լուրջ չի ընդունել ոչ Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունը, ոչ էլ՝ խորհրդարանական մեծամասնությունից նախկինում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ առավոտը աշխատանքի չգնալու մասին հորդորը:

«Ես աշխատանքի եմ գնում: Եթե անհրաժեշտություն լինի հայտարարություն կանեմ եւ մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»:  

Սահմանադրական դատարանից մեկնաբանություն կամ հայտարարություն չեղավ: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես են այնտեղ գնահատում նոր թեզերը:

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն օրինակ լավ չի հասկացել, թե ի՞նչ է նկատի ունեցել նորընտիր Վահե Գրիգորյանը ԱԺ-ում խոսելով ՍԴ նախագահի պաշտոնի մասին:

«Ես չեմ հասկացել: Հիմա կպարզաբանի՝ կհասկանանք: Դատարանում տրադիցիա կա, երբ նոր դատավոր է գալիս մենք նրան ընդունում ենք պատշաճ կարգով»:   

Սահմանադրական դատարանի այսօրվա աշխատանքն ուղեկցվել է տարաբնույթ բողոքի ակցիաներով՝ թե՛ կանգնած, եւ թե՛ պառկած: Կանգնածները անժամկետ ցույցերի մասին են զգուշացնում եւ պահանջում անխտիր բոլոր ՍԴ անդամների հրաժարականները: Իբրեւ լուծում Աժ-ին առաջարկում են ժամանակավոր դատավորներ նշանակել: Վարդգես Գասպարին, հավատարիմ պայքարի իր ընտրած եղանակին, պառկել է՝ ձեռքին պահելով «օրինակարգ ՍԴ» գրառումով թուղթը:

 «Հրայր Թովմասյան, քո ձեռքով գրված օրենքի համաձայն դու իրավունք չունես գտնվելու այս շենքում: Հեռացեք այս շենքից, դուք այս շենքում անելիք չունեք»,- ասում է ցուցարարներից մեկը:

«Մենք անցել ենք ժամանակները, որ ամեն տեսակ կամայականություն հանդուրժում էինք»,- ասում է Գասպարին:

Սահմանադրությունը եւ սահմանադրական դրույթները խորհրդարանում չեն պատրաստվում մեկնաբանել: Պատգամավորների ներկայացմամբ՝ դա Սահմանադրական դատարանի եւ դատավորների իրավասությունն է: Այստեղ հստակ խորհուրդ են տալիս պարզաբանումների համար դիմել միայն Վահե Գրիգորյանին:

Վերջինը, ի դեպ, երբ դեռ թեկնածու էր եւ հանդիպումներ էր ունենում ԱԺ-ում, ելույթ ունենում այնտեղ եւ պատասխանում հարցերին, երբեւէ չի ակնարկել իր այն մտադրությունների մասին, որոնք բարձրաձայնեց երեկ: Որոշ առումով երեկվա հայտարարությունն անակնկալ էր անգամ խորհրդարանական մեծամասնության համար: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց.

«Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ: Հրայր Թովմասյանի հետ կապված որեւէ քննարկում, չի ընթացել խմբակցության ներսում, բայց այն իրավիճակը, որը նկարագրել է Վահե Գրիգորյանը՝ ՍԴ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին, մենք տեղյակ ենք եղել: Որպես քաղաքական դիտարկում ես ունեմ այն համոզմունքը, որ այս ամենը պատահական տեղի չի ունեցել»:

Մինչ այս հարցով բուռն քննարկումներ են ընթանում եւ ընդդիմախոսները միմյանց ներկայացնում են տարբեր իրավա-սահմանադրական հիմքեր, խորհրդարանը շարունակում է «թարմացնել» ԲԴԽ նոսրացած կազմը: Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան-գիտնական հերթական թափուր պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Դատական իշխանության ոլորտում վերջին մեկ տարում թեկնածուն բեկում դեռ չի տեսնում:

Վիգեն Քոչարյանն այսօր խուսափեց Վահե Գրիգորյանի առաջ քաշած նոր սահմանադրական թեզերը մեկնաբանելուց: Հիմնավորեց, որ ԲԴԽ անդամի թեկնածուի կարգավիճակը թույլ չի տալիս:
 

0:00
0:00

Ամենաընթերցվածը