Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ
2019-06-21 17:58:05

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները։ Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին»,- Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը հաջորդած ճեպազրույցում ասել է ՀՀ  ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանության զորքերի ծառայողներին շնորհավորել ու պարգևներ են հանձնել միջոցառմանը ներկա վարչապետ  Նիկոլ Փաշինյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանության զորքերի ստեղծման 27-րդ տարեդարձի առիթով գլխավոր վարչություն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց նախ ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, զինատեսակները, ոստիկանության զորքերի հնարավորությունները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանության զորքերն արդեն 27 տարի պատվով ու անձնվիրաբար կատարում են իրենց պարտականությունները:

 «1992 թվականին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատում, վտանգված էին Հայաստանի սահմանները: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայական էր և կենսական անհրաժեշտություն ուներ: Մեզ անհրաժեշտ էր ամուր ռազմաճակատ և թիկունք: Այդ օրից անցել է ավելի քան քառորդ դար և հպարտությամբ կարող ենք փաստել, որ ոստիկանության զորքերը լիակատար կատարել են իրենց առջև դրված խնդիրները թե՛ ռազմի դաշտում, թե՛ հանցավորության դեմ պայքարում»։

Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ արդեն մեկ տարի ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական հերթապահության են իրականացնում սահմաններում՝ հավաստելով, որ պետական սահմանն անխախտ է լինելու: Շնորհավորելով ոստիկանության զորքերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորեց այդ հանգամանքը:

«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել Հայաստանում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: Գրեթե մեկ տարի է Հայաստանի ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ- ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-ասաց վարչապետը:

 «Ոստիկանության զորքերին Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությանը ներգրավելու որոշումը արտահայտում է մեր պատկերացումները ինչպես արտաքին, այնպես ներքին անվտանգության վերաբերյալ: ՀՀ-ն պետք է ունենա բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունի բռնությունով հարց լուծելու որևէ մտայնություն, որևէ քարոզչություն: Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու»:

 «Հայաստանի ներքին և արտաքին բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում թշնամիներին անվերապահ պարտություն խոստացավ նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին»,- ասաց նա։ Հարցին՝ արդյո՞ք Երևանում շարունակվելու է ուժեղացված ծառայությունը, ոստիկանապետն արձագանքեց՝ այո՛։

«Այսուհետ դա մեր առօրյան է լինելու։ Մենք «ոչ» ենք ասել իրավախախտին, հանցագործին։ Օրենքը բոլորի համար է, և որևէ մեկը չի կարող սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ։ Ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ»։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը վերջին շրջանում առանց պատճառների բերման է ենթարկում «Ադեկվատ» խմբի և «ՎԵՏՕ» շարժման «սևազգեստ» ցուցարարներին՝ Վալերի Օսիպյանն արձագանքեց՝ նշված անձանց բերման ենթարկելն ամենևին կապ չունի վերջիններիս հագուստի գույնի հետ։ Ասաց՝ «Ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքներով։ Ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում»։


Լրագրողները ոստիկանապետից նաև հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իր ղեկավարած իրավապահ մարմինը թույլ չի տալիս «ՎԵՏՕ» խմբի անդամներին բողոքի ցույց անցկացնել «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի դիմաց։

«Յուրաքանչյուր գրասենյակ և կազմակերպություն ունի մուտք և ելք, և որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ մեզ համար մեկ անձնավորությունը նույնպես մարդ է, և մենք այդ քաղաքացու համար նույնպես պարտավոր ենք ծառայություններ մատուցել»։

Անդրադառնալով Հայաստանում մեկ քաղաքացու հաշվով ոստիկանների մեծ թվաքանակին առնչվող հարցին՝ ոստիկանապետը նկատեց, թե  ՝հակառակը,  եվրոպական զարգացած երկրների համեմատ Հայաստանում ոստիկանների թիվն այդքան էլ մեծ չէ։ Միաժամանակ հավելեց.«Ոստիկանությունում տեղի է ունենում օպտիմալացում, և չի բացառվում, որ կրկնվող գործառույթներն ու ծառայությունները միավորվեն, դառնան մեկ ծառայություն»։

Օրվա առիթով ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանության պետի կողմից: Տոնական միջոցառումը ավարտվեց  Ոստիկանության պատվո պահակախմբի և ներքին զորքերի զինծառայողների ցուցադրական ելույթներով։ Եզրափակիչի վերջին ակորդը  Ոստիկանության ջրցան մեքենաների տոնական ու խիստ ռոմանտիկ վալսն էր։

0:00
0:00

Ամենաընթերցվածը