Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բրուցելոզ հիվանդության տարածում Եղեգիսում
2019-06-21 17:34:53

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վայոց Ձորի մարզի Եգեգիս խոշորացված համայնքի խոշոր և մանր եղջերավոր անասունները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ: Հիվանդ անասուններին հարկադիր սանիտարական սպանդի են ենթարկել, անասնագոմերն՝ ախտահանել: Հիվանդությունը տարածվել է մանր եղջերավոր անասուններից, երբ հղի կենդանիների մոտ նկատվել էին վիժումներ:

Բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստանյութ և բուժում չկա: Այն տարածվում է անասունների շրջանում, իսկ հիվանդ անասունից սննդամթերքի միջոցով նաև մարդուն: Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի 3 գյուղում՝ Քարագլխում, Գնիշիկում և Եղեգիսում անասունների արյան նմուշառումներից հայտնաբերվել է բրուցելոզ հիվանդությունը: Վարակի պատճառով թերի մնացին Կարո Հովհաննիսյանի նպատակները՝ անասնագլխաքանակի ավելացման հարցում: Անասուններին սպանդի են ենթարկել, վարկերը մնացել առանց մարելու:

«Մեր արոտավայրերում ուրիշ տեղից հիվանդ անասուն բերին, վարակին, տարածվավ, մեր անասուններն էլ հիվանդացան: Ուզելիմ է, շատացցիմ է անասունները: Մոտ հինգ միլիոն ծախս արինք, անասուն պախինք, գոմը սարքինք, որ անասուն պախինքի ու անասունն էլ խանին բրուցիլոզ՝ իրեք կով, 20 հատ մանր: հիմա 2 կով գոմում կապել եմ, որ առավոտ կանուխ գան վերցնեն: Փողով խոտը առել եմ, այ սենց»,-շվարած կանգնել էր Կարո Հովհաննիսյանը:

Քարագլուխ գյուղի կենտրոնում հանդիպեցի Դրաստամատ Միքայելյանին: Նրա գոմը նույնպես դատարկվել էր: Ընդհանուր թվով 20 գլուխ անասուն է ունեցել: Հիմա մնացել է 3-ը, որից՝ 2-ը նույնպես սպանդի ենթակա:

«Մի 10 հատ խոշոր, մի 10 հատ մանր ունեի: Մանրը էժան գնով է 15-ով ծախեցի, որ խոշորը չվարակվի մանրից, քանի որ մանրից էր վարակը, բայց եկավ հակառակն էլավ՝ խոշորն էլ վարակվավ, հիմի 2 հատ ունեմ, մեկը նորից կասկածելի ա, Վաղը պտի գան նորից էրուն վերցնեն, տանեն ստուգման: Ընտանիքում մնացել ենք 7 հոգի, բայց ապրելու միջոց էլի չկա, էդ ա, դրանով էինք ապրում»:

Բրուցելոզը տարածվել էր փետրվար ամսին մանր եղջերավորներից, երբ հղի ոչխարների մոտ սկսվել էին զանգվածային վիժումներ: Անասնատերերը դիմել էին անասնաբույժին պարզելու պատճառները: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց, որ վարակը տարածվել էր 3 անասնագոմում, իսկ ավելի ուշ վարակվել էին նաև համայնքի մյուս անասունները: Հարկադիր սանիտարական սպանդի դեպքում անասունների փոխհատուցում չի նախատեսվում.

«Առաջին անգամ, երբ մեր համայնքում բրուցիլոզ հայտնաբերվեց, 84 գլուխ անասունին Վայոց Ձորի մարզպետը ամեն մի գլուխ մանր եղջերավորին 10000-ական դրամ օգնեց մեր բնակիչներին: Հատուցում չկա դրան»:


Հիվանդության տարածման հնարավոր տարբերակը ենթադրվում է արոտավայրերից ուշ վերադարձած ոչխարներն են, որոնցից արյան նմուշառում չեն վերցրել և խառնվելով հոտին ու նախիրին վարակել են: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը տեղեկացրեց, որ վարակը կարող է տարածվել արոտավայրի, կերի և ջրի միջոցով:

«Բրուզիլոզը խրոնիկ հիվանդություն ա, միշտ կա: Քարագլխում 20 խոշոր, 137 մանր անասուն է վարակվել, Գնիշիկում՝46 մանր միայն, Եղեգիսում 13, թե 14: Մենք արդեն ավարտում ենք, համարյա թե, մեր մարզում բրուցիլոզի տոկոսը կազմում ա 31 տոկոս, դա մե՞ծ ա»:

Հարկադիր սանիտարական սպանդի ենթարկված անասունների միսը ենթարկվում է ջերմամշակման և պահածոյացվում է, որն ըստ Սննդի անվտանգության ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի պետի լրիվ անվտանգ է օգտագործման համար: Սպանդից հետո անասնագոմերն ախտահանվում են ծառայության տրամադրած ախտահանիչ միջոցներով:

0:00
0:00

Ամենաընթերցվածը