Չի կարելի երկրորդ անգամ նույն փոսն ընկել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսօր ասել է աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը՝ անդրադառնալով Թեղուտի վերաբացման մասին լուրին։ Ըստ նրա՝ Թեղուտում տնտեսական եւ բանապահպանական հանցագործություն է կատարվել։
«Թեղուտ» ՓԲԸ- ն անցել է ВТБ բանկին: «Մենք ВТБ-ի ստրուկն ենք դառնալու: Բանկը թքած ունի ՀՀ քաղաքացու, ՀՀ-ի բնության վրա։ Գլխավոր նպատակը փողը հետ բերելն է»,- նշել է նա: Լ.Գալստյանի խոսքով՝ «հանքը մի քանի տարի շահագործելու են, գումարը հետ են բերելու և գնալու են՝ ամեն ինչը թողնելով մեր վզին ու ավելի ծանր վիճակում»:
Այսօր առավոտյան Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամուրջի հատվածը։ Շնող խոշորացված բնակավայրի ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Ռադիոլուր»-ին հայտնել է, որ բնակիչները աշխատատեղեր են պահանջում։ Գործարանի տնօրինությունն էլ նրանց աշխատանքի ընդունելու պատրաստակամություն է հայտնել։ Ըստ համայնքապետի՝ գործարանը դեռ չի վերագործարկվել, սակայն նախապատրաստական աշխատանքներն սկսված են։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշիյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Թեղուտում նորից աշխատանքներն սկսվել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի։