Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի միջուկային էներգետիկայում կա՞ արդյոք կադրային ճգնաժամ
2019-06-21 11:54:33

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

ՄԱԳԱՏԷ-ի /Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալություն/ փորձագետներն ահազանգում են Հայաստանում տվյալ ոլորտում առկա կադրային ճգնաժամի մասին։ Հայ փորձագետները գնահատականը որակում են օբյեկտիվ ու նշում ճգնաժամի պատճառները։ Ընդհանրապես ՝ ինչպիսի՞ն է կադրային բանկը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Որքանո՞վ է ոլորտը գրավում երիտասարդներին, իսկ նրանք, ում գրավել է, որքանո՞վ են իրենց մասնագիտական որակներով համապատասխանում ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին։

Հայաստանում մշտադիտարկման առաքելությամբ գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանի միջուկային էներգետիկայի կարգավորման ոլորտում կադրային ճգնաժամ է հասունանում: Խումբը արձանագրել է, որ միջուկային էներգետիկայի անվտանգության ապահովման քաղաքականության իրականացման, ոլորտի կարգավորման նորմատիվ-իրավական բազայի ձևավորման և այլ ակներև ձեռքբերումների հետ մեկտեղ առկա է մարդկային ռեսուրսների ռազմավարական խնդիր, որի լուծումն օր առաջ պետք է ապահովել: Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը գնահատականը որակում է օբյեկտիվ՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքը.

«ԽՍՀՄ փլուզումից հետո և առ այսօր Հայաստանում անգամ փորձ չի արվել օրակարգ բերել էներգետիկայի ոլորտի կադրային քաղաքականության մշակման հարցը: Անգամ 2011 թ. հաստատված ու դեռ դե յուրե գործող ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում գեթ մեկ դրույթ չկա համակարգի կադրային ռազմավարության մասին: Նման սցենարից խուսափելու համար անհրաժեշտ է արդեն այսօր սկսել Հայաստանի էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի մշակումը, որի անբաժանելի մաս պետք է կազմի կադրային ռազմավարական բաղադրիչը»։

Ըստ Դավթյանի, խնդիրն այստեղ բաժանվում է երկու մասի՝ մասնավոր և պետական հատվածում իրականացվող կադրային քաղաքականություն․

«Ինչ վերաբերում է առանձին ընկերությունների (Գազպրոմ Արմենիա, ՀԷՑ), ելնելով իրենց կորպորատիվ շահերից, ավելի ինտենսիվ և արդյունավետ կադրային քաղաքականություն են իրականացնում։ Այսինքն՝ իրականացվում են վերապատրաստման ծրագրեր, մարդիկ գործուղվում են միջազգային տարբեր ուսումնական կենտրոններ և այլն, բայց այդ կորպորատիվ ռազմավարությունները պետք է ընդամենը ծառայեն որպես գործիք պետական կադրային ռազմավարությունը կյանքի կոչելու համար»։

Հենց այստեղ պետք է դրսևորվի ու իր արդյունավետությունն ապահովի պետական-մասնավոր համագործակցությունը: Կադրային ռազմավարության խնդիրը, ըստ Դավթյանի, պետք է դրվի էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի հիմքում, իսկ հինը, ինչպես ասում է, այլևս ի զորու չէ համահունչ արձագանաքելու ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մարտահրավերներին։

Կադրերի հարցը հայկական էներգետիկայի, թերևս, գլխավոր օբյեկտում ։ Ունե՞նք արդյոք մասնագիտական որակյալ կադրերի խնդիր, հարցով դիմում ենք «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին.

«Եթե ասեմ ոչ, կսխալվեմ, եթե ասեմ այո, էլի կսխալվեմ։ Որովհետև այս պահին ազատ հաստիք չունենք, զբաղված են բոլոր 1635 հաստիքները, բայց որոշ կադրեր կենսաթոշակի տարիքի են և առաջիկա տարիներին նրանց երիտասարդներով փոխարինելու կարիք կունենանք»։

«Ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու, տեխնիկայի նոր պահանջներին արձագանքելու համար երիտասարդ մասնագետներին ժամանակ առ ժամանակ ուղարկում ենք վերապատրաստվելու, համակարգչային նոր ծրագրերին տիրապետելու»,-ասում է ատոմակայանի տնօրենը՝ միաժամանակ ընդգծելով․ մասնագետի որակի հարցում տարիքով առաջնորդվելը սխալ է.

«Մենք ունենք 70-ն անց մասնագետներ, որոնք հրաշալի տիրապետում են համակարգչին։ Այստեղ կա միջին մասնագետների խնդիր՝ լավ խառատներ, զոդողներ և այլն»։

Հայաստանում ատոմային էներգետիկայի մասնագետներ պատրաստում են Երևանի պետական և Պոլիտեխնիկական համալսարաններում։ Որքանո՞վ են հայ երիտասարդներն այսօր հետաքրքրված այս մասնագիտությամբ և որքանո՞վ են մեր շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքներով համապատասխանում ժամանակի պահանջներին։ Մեզ հետաքրքրող հարցերն ուղղում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանին.

«Ոլորտում մենք համագործակցում ենք Ռուսաստանի բուհերի հետ, մեր ուսանողներն իրենց գիտելիքներով չեն զիջում նրանց»։

Վերոնշյալ մասնագիտությամբ բուհն ամեն տարի ավարտում է շուրջ տասը երիտասարդ։ Արամ Գևորգյանի խոսքով, ատոմային էներգետիկայի ոլորտում հետաքրքրությունն ավելի մեծ էր 2010-11 թվականներին, երբ Հայաստանում ակտիվ շրջանառվում էր Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցման թեման։

0:00
0:00

Ամենաընթերցվածը