Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և վերջապես գնացինք` «ԱլիքՄեդիա»-ի փոխանցմամբ ասել է վեհաժողովի նախագահ, ՌԴ-ի կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:
Նրա խոսքով, վրացական կողմից երաշխիք են ստացել ասամբլեայի բոլոր անդամների անվտանգության համար:
«Ասամբլեայի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմը առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերը, որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը»,- նշել է Գավրիլովը:
Թբիլիսիում երեկ սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք պատասխանն են Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի Վրաստան ժամանելու: Ռուսական պատվիրակության ներկայությունը վեհաժողովին այնքան էլ միանշանակ չի ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է», այնուհետև խորհրդարանում վիճաբանություն է եղել։ Ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն բողոքել են ռուսական պատվիրակության ներկայությունից։
Թբիլիսիում բողոքի ցույցերն այս գիշեր վերածվել են անկարգությունների և հակակառավարական ելույթների. տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժել են թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները։
Թբիլիսիի գլխավոր փողոցներից մեկում` Ռուսթավելի պողոտայում, երեկ երեկոյան մոտ հազար մարդ է հավաքվել։ Նրանց մի մասը որոշել են գրոհով մտնել խորհրդարանի շենք։ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները կոչ են արել ցրվել, սակայն ցուցարարները անտեսել են դա, և ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե գնդակներ է կիրառել։ Վրաստանի վարչապետի խորհրդական Դավիթ Սերգեենկոն լրագրողներին հայտնել է, որ տուժել են 30 ակտիվիստ և 39 ոստիկան։