Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վահե Գրիգորյանը Հրայր Թովմասյանից վերցնում է ՍԴ նախագահի աթոռը
2019-06-20 19:02:07

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Դատաիրավական համակարգում փոփոխությունները դանդաղ քայլերով իրականություն են դառնում: ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել մի քանի իրադարձություն, որոնք վկայում են համակարգում սպասվող մեծ փոփոխությունների մասին:

Ոլորտի խնդիրների մասին այսօր խորհրդարանում խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչու մեկ տարի առաջ հնարավոր չէր իրականացնել դատաիրավական փոփոխությունները:

Այս խնդիրների մասին վարչապետն այսօր որոշել է խոսել մի քիչ ավելի բաց եւ անկեղծ:  

Սահմանադրական դատարանի դատավորի երդումը արտաբերելուց առաջ Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ ՍԴ է մտնելու ստանձնելով դատարանի նախագահի լիազորությունները։ Սա այն դեպքում, երբ ընդունված է կարծել, որ կառույցը ղեկավարում է հանրապետական մեծամասնության՝ դեռ նախորդ խորհրդարանի կողմից ընտրված Հրայր Թովմասյանը:

Այն ժամանակ սահմանադրական ձեւակերպումներով ընտրվում էին ՍԴ անդամներ, նոր ձեւակերպումներով պետք է ընտրվեն ՍԴ դատավորներ: Ընդամենը երկու օր առաջ ընտրված Վահե Գրիգորյանի մեկ այլ հստակեցմամբ՝ Սահմանադրական դատարանում այսօր գործում է ընդամենը երկու դատավոր, կառույցը շարունակում է գործել դեռ անցումային տրամաբանության մեջ եւ արդեն իսկ ունի ճեղքեր:    

«ՍԴ սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր որոշումներ կայացնելու համար, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով: բոլոր այս խնդիրներով հանդերձ ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ ՍԴ միակ դատավոր, որովհետեւ մյուս պատգամավորը բացակայում է այս օրերին, ես՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին»:  

Վահե Գրիգորյանը, որին ընդունված է համարել գործող իշխանությունների նախընտրելի թեկնածու, նաեւ տարբեր աղմկահարույց գործերի իրավահաջորդների պաշտպան, այսօր խորհրդարանի դահլիճում պատկերավոր թողեց բոլոր պայմանավորվածությունները:

Կարգի համաձայն՝ ՍԴ դատավորը լիազորություններն ստանձնում է ոչ թե ընտրվելուց, այլ երդումից անմիջապես հետո: Սա թերեւս այն քայլերից է, որոնք վկայում են ՍԴ-ում սպասվող լուրջ փոփոխությունների մասին: Ընդհանրապես՝ դատաիրավական համակարգի փոփոխությունների մասին այսօր խորհրդարանում խոսել է նաեւ վարչապետը: Նա լավատեղյակ է հանրության մեջ ծավալվող քննարկումներին եւ ինչու չէ՝ մեղադրանքներին, թե դատաիրավական համակարգը պետք է ավելի շուտ փոխեր եւ ուշացած քայլերի է դիմում: Նիկոլ Փաշինյանն այսօր որոշեց բացատրել, թե ինչու մեկ տարի առաջ դեռ հնարավոր չէր գնալ դատաիրավական համակարգի փոփոխության: Անկախ դատական համակարգ ունենալու համար հիմնական խնդիրները մի քանիսն են: Բայց նախ պետք է հանրությանը նախապատրաստել այդ փոփոխություններին, թեկուզ այն իմաստով, որ վարչապետն առաջարկում է դատավորների աշխատավարձը բարձրացնել մի քանի անգամ՝ հասցնելով 2.5-3 միլիոն դրամի:

«Երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել հանրահայտ կոռումպացված դատավորներին: Ոչ, նրանց մասին չէ խոսքը: Ենթադրենք, ինչ-ինչ կարգապահական կոռուպցիոն գործերով նրանց տեղերն ազատվեցին, ով է գալու նրանց փոխարեն: Եկեք խոստովանենք, որ որեւէ դեպքում դատավորների՝ առավել եւս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսակետից»:

Միջազգային դոնոր-գործընկերները կառավարությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել այս հարցում: 2-3 տարին բավարար է, որ բարձրակարգ մասնագետները բարձր աշխատավարձերով մասնավոր սեկտորից տեղափոխվեն պետական համակարգ։ Բյուջեի վրա որեւէ ազդեցություն դա չի ունենա, վստահեցնում է վարչապետը՝ հավաստիացնելով, որ այդ ընթացքում կլուծվեն մի շարք սոցիալական խնդիրներ եւ հանրության ընկալումները կփոխվեն:

Մինչ այս ամենը կլուծվի՝ այս պահին ճգնաժամային պայմաններում է նաեւ Բարձրագույն դատական խորհուրդը: Շղթայական հրաժարականներից հետո այսօր ԱԺ-ում քննարկվում էր ԲԴԽ անդամ ընտրելու հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը թափուր տեղի համար առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանին: Նա այս պահին չի պատկերացնում, թե ինչպիսի դրսեւորում կունենա «վեթինգը» Հայաստանում.

«Անհանգստություններ, իհարկե ունեմ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ անցնելու է շատ հարթ, որովհետեւ կա կամք եւ կա ցանկություն: Ես դա կկոչեմ դատական համակարգի առողջացում: Թե ինչպես մենք կանենք այդ առողջացումը՝ ինքներս պետք է որոշենք: Միջազգային փորձը մեզ, այո, հուշում է, բայց մեզ ուղղություն չի տալիս: «Վեթինգը» իմ կարծիքով չպետք է նպատակ ունենա միայն մաքրել դատական համակարգը դատավորներից: Դրա առաջնային նպատակը պետք է լինի ապահովել, որպեսզի պատգամավորները թոթափվեն այն կոռուպցիոն կոմպրոմատներից, որոնք կան իրենց վրա եւ, սկսեն նորմալ աշխատել: 

Բեքմեզյանի պատկերացմամբ՝ արդարադատությունը Հայաստանում պետք է լինի կանխատեսելի, թափանցիկ եւ զերծ կլանային կապերից:

0:00
0:00

Ամենաընթերցվածը