Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեսպաններին առաջին եւ երկրորդ սորտի չբաժանել. Փաշինյան
2019-06-20 18:18:24

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Եթե խորհրդարանական  ֆիլտրով անցնում են՝ անցնում են բոլորը, եթե ոչ՝ ոչ». կառավարությունում այսօր քննարկել են նոր նշանակվող դեսպաններին ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում ներկայացնելու հարցը։

Հայաստանն այս պահին դիվանագիտական ներկայացուցչություն ունի  40 երկրում։ Ունենք նաև մշտական ներկայացուցիչներ, որոնք  դեսպաններ չեն, սակայն նույն սկզբունքով են նշանակվում։ Նրանք էլ 50-ից ավելի են։

ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արման Բաբաջանյանը  կառավարությանն առաջարկում են սահմանափակել դիվանագիտական առաքելությունների ղեկավարների քաղաքական նշանակումները դեսպանների ընդհանուր  թվի 15 տոկոսով, իսկ մյուս դեսպանների համար սահմանել դիվանագիտական ստաժի պարտադիր չափ։

Պատգամավորներն առաջարկում են 15 տարի, կառավարությունը համաձայն է 10  տարվա ստաժի՝ դեսպան նշանակելու համար։ Ավելին, քաղաքական նշանակման դեպքում ԱԺ  արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորհրդակցական կարծիք կարող է հայտնել։

« Մի մարդ տասը տարի աշխատել է նախարար, ԱԺ նախագահ կամ փոխնախագահ, պատգամավոր։ Ենթադրենք 15 տարի աշխատել է ԵԽԽՎ- ում Հայաստանի պատվիրակության անդամ։ Դեսպան նշանակելիս ասում ենք պետք է գնաս մի հատ էլ  հանձնաժողովը կարծիք տա քո մասին։ Իսկ մարդը տասը տարի որևէ դեսպանատան կցորդ է աշխատել, իր դեպքում ասում ենք ՝ չէ հանձնաժողովը քեզ հարցեր չունի։ Ո՞ր տրամաբանությամբ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միգուցե թյուրըմբռնում կա՝ արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետն այստեղ խտրական մոտեցում է տեսնում:

«Ստացվեց, որ քաղաքական նշանակման դեպքում գնում է հանձնաժողով, ոչ քաղաքական նշանակման դեպքում չի գնում հանձնաժողով։ Այստեղից էլ ստեղծվում է «մենք»-ի ու «դուք»-ի կարգավիճակը։  «Մենք»-ը դիվանագիտական կորպուսն է, որը մեծահոգաբար թույլ է  տալիս, որ կառավարությունը նշանակի, բայց ասում է, որ մի հատ էլ կգնաս հանձնաժողով»։

Փաշինյանը հիշեցրեց՝ որպես  վարչապետի թեկնածու՝ այդ դրույթը ինքն է առաջ քաշել։

«Պետք է քաղաքական նշանակումները  սահմանափակել, բալանսավորել, բայց այստեղ խտրական մոտեցում է ստացվում։ Մենք հիմա համոզված ենք, որ ով որ ՀՀ դիվանագիտական կորպուսում  աշխատում է, ուրեմն վե՞րջ։ Ես այդ կարծիքը չունեմ։ Ես ասում եմ, եկեք սկզբունքը հասկանանք։ Եթե խորհրդարանական լսումների ֆիլտրով պետք է անցնեն  (ձևակերպումը  էական չէ), պետք է անցնեն բոլորը, եթե չպետք է անցնեն, ուրեմն չպետք է անցնի ոչ մեկը»։

«Անթույլատրելի է առաջին ու երկրորդ սորտի դեսպանների բաժանել»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։ 

«Պարոն վարչապետ դիվանագիտական ծառայությունը ծառայություն է, տարիների ընթացքում դիվանագետը սովորում է հյուպատոսական գործառույթներ, արարողակարգ։ Սա պրոցես է, որը պետք է ավարտել։ Այն  դեպքերումերբ այդ ուսումը չկա, ինձ թվում է լրացուցիչ կարծիք ունենալը ավելորդ չէ»,-ասաց  փոխարտգործնախարար  Գրիգոր Հովհաննիսյանը:

 «Ուսումից հետո պետք է ստուգել՝ ինչ են սովորել»,- ասաց կառավարության ղեկավարը.

«Այս ընթացքում ես բազմաթիվ կոպիտ աղաղակումներ եմ տեսել, որ այդտեղ շատ լուրջ հարցեր են առաջացել: Կաստայական կառուցվածքներ են առաջացել, որ տասը տարի այս դռնով մտել-դուրս ես եկել, ուրեմն վերջ, դու խնդիր չունես։ Ես դրա հետ համաձայն չեմ»։

Հայաստանն այս պահին  դիվանագիտական ներկայացուցչություն ունի  40 երկրում։ Ունենք նաև մշտական ներկայացուցիչներ, որոնք  դեսպաններ չեն, սակայն նույն սկզբունքով են նշանակվում։ Նրանք էլ  50-ից ավելի են։ «Սա քիչ է»,- արձանագրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Տասը և ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող քանի՞ դիվանագետ կա Հայաստանում, համակարգում գիտեն։

Հովհաննիսյանը  վստահ է՝ մասնագետներ կան։ Նախագիծը հաստատվեց՝ խնդիրները կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։ 

0:00
0:00

Ամենաընթերցվածը