Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպիսին է Հայաստանի միգրացիոն պատկերը
2019-06-20 17:29:02

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր փախստականների միջազգային օրն է: Այդ առթիվ Մամուլի ազգային ակումբը հյուրընկալել է ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին:

Նա բավականին մանրամասն ներկայացրել է հայաստանյան միգրացիոն պատկերը, նշել, որ վերջին 9 տարիներին առաջին անգամ գրանցվել է սահմանահատումների մնացորդի դրական դինամիկա, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մասով:

Նա հորդորել է Հնդկաստանի քաղաքացիների միգրացիոն հոսքից չվախենալ, վստահեցնելով, որ այն կարգավորումների շրջանակում է: Միգրացիոն ծառայության պետը նաեւ խոսել է ծառայության դժվարությունների մասին՝ առանձնացնելով ամենահիմնականը՝ Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային ապահովման խնդիրը, որ «ժառանգություն է» ստացել:

Հայաստանի միգրացիոն ծառայության հիմնարար դժվարությունները կապված են Ադրբեջանից փախստականների հետ: Դժվարությունների ամենացավոտ հատվածն է՝ ձեւակերպեց միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը: Ծանր ժառանգություն է ստացված՝ պայմանավորված նրանց բնակարանային խնդիրներով՝ ասաց: 

«Էս պահի դրությամբ կա 882 ընտանիք: Սա առաջնային բնակապահովումն է: Դրանից բացի, կան էլի բնակարանի կարիք ունեցող փախստականներ, վերջին տվյալներով գրանցված է 2951 ընտանիք»:

Տպավորություն կա, որ այս հարցը մոռացության է մատնվել, բայց, այդպես չէ՝ վստահեցրեց Արմեն Ղազարյանը՝ խոստանալով հետեւողական լինել, մինչեւ որոշակի արդյունքների հասնելը:  

Երեկ ՄԱԿ-ը հրապարակեց կանխատեսում, որի համաձայն 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 2 մլն 390 հազար մարդ: Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը չի կարծում, թե սա վատատեսական կանխատեսում է: Ստաբիլ կանխատեսում է դա՝ ասաց, ապա հավելեց, որ այստեղ հաշվի չեն առնված մի քանի գործոններ: 

Միգրացիոն ծառայությունը փորձում է խթանել Հայաստանի քաղաքացիների վերադարձը: Սա նաեւ այն պարագայում, երբ հարկադիր վերադարձ, այսպես, թե այնպես, տեղի է ունենում:

Միգրացիոն ծառայության պետը անդրադարձավ նաեւ վերջին շրջանում դեպի Հայաստան Հնդկաստանի քաղաքացիների՝ առավել մեծ մուտքերի ակտիվության հետ կապված մտահոգություններին: Ասաց, որ 2018 թվականին 2723 սահմանահատում կա: 1907 անձ է ստացել կացության եւ այլ կարգավիճակ, մեծամասնությունը՝ 1047-ը կացության կագավիճակ է ստացել ուսման հիմքով: Միակ տարբերությունն այն է, որ անցյալ տարի առաջին անգամ մոտ 900-ը կացություն է ստացել աշխատանքի հիմքով:

Սովորաբար միգրացիոն հոսքերի սալտոյի հետ կապված Ազգային վիճակագրական ծառայության եւ Միգրացիոն պետական ծառայության տվյալները տարբեր են լինում: Անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ գնահատման մեթոդաբանությունն է տարբեր: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ համաձայնել-չհամաձայնելու խնդիր չկա, ուղղակի, քննարկելի հարց է՝ ասաց: Քանի որ սահմանահատումների թվով է առավել ճշգրիտ հաշվարկելի սալտոն, հենց այս ցուցանիշով էլ նա ներկայացրեց միգրացիոն պատկերը: 

«2018 թվականին արձանագրվել է ռեկորդային ցուցանիշ վերջին 12 տարիների համար՝ + 15313: Հայաստանի քաղաքացու անձնագրով մուտքերի եւ ելքերի տարբերությունը 2016 թ.-ին եղել է – 54000, 17-ին՝ - 3600, 2018-ին՝ -4500: Այսինքն, չնկատել դրական դինամիկան՝ նշանակում է լավ չտեսնել»:

2019-ի առաջին եռամսյակում սահմանահատումների դինամիկան էլ, թեպետ, ընդհանուր բացասական է, սակայն, Հայաստանի քաղաքացիների մասով՝ վերջին 9 տարիների համար առաջին անգամ դրական տարբերություն է արձանագրվել՝ տեղեկացրեց Արմեն Ղազարյանը: Ըստ նրա, եթե այս դինամիկան պահպանվի եւ քայլեր ձեռնարկվեն իրավական, տնտեսական բարեփոխումների ու նաեւ ծնելիության մասով, ապա՝ հնարավոր կլինի դեմոգրաֆիական իրավիճակը բարելավել: Հակառակ դեպքում, չկա երաշխիք, որ դրական միտումները կրկին չեն վերածվի բացասականի: 

0:00
0:00

Ամենաընթերցվածը