ԱԺ-ի այսօրվա նիստում Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:
«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Այն տեւել է շուրջ մեկ տարի»,-ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը հայտարարեց՝ երդում տալով որպես ՍԴ դատավոր՝ ինքը դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։
«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ. ՍԴ-ում այս երդումը տալուց հետո լինելու եմ երկրորդ դատավորը, իսկ քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար։ Այդ բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ»,- ասաց նա։
«ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափում կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- ասաց նա։
Գրիգորյանը վստահեցրեց՝ ՍԴ դատավորի երդումը տալուց հետո ունենալու է մեկ նպատակ:
«ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, և դա արձանագրված է երդման տեքստում։ Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել սահմանադրականության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- ասաց նա։
«Սա ոչ թե լիրիկական զեղում է, ոչ էլ պաթոսալի վերապահում, սա հստակ սահմանադրաիրավական նկատառումներով կատարվող ծանուցում է. իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին: Մենք բոլորս ապրում ենք ժամանակներում, երբ ինքներս ականատես ենք եղել, շատերը մասնակից են եղել ժողովրդի հավաքական կամքի դրսևորման զորությանը: Բոլորդ գիտեք, որ դրա դեմ չկա որևէ դիմադրող, բայց մենք պիտի արձանագրենք, որ այդ կամքը ինքնին ստորադաս է սահմանադրի կամքին: Մենք կարող ենք և պետք է հաշվի նստենք ժողովրդի զորության հետ, բայց պիտի արձանագրենք, որ այն ստորադաս է սահմանադրի կամքին՝ հակառակ դեպքում կձախողենք քաղաքական ազգ դառնալու վերջնական նպատակը և պետությունն ամբողջությամբ»,- հավելեց Վահե Գրիգորյանը:
Գրիգորյանը երդվելուց հետո պաշտոնը ստանձնեց անհապաղ: