Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ինչպես հայտնաբերել և կանխել գրագողությունը: Իրականում այն շատ լուրջ և համակարգային խնդիր է, որը բնորոշ է բոլոր բնագավառներում, ոչ միայն գիտական հանրության միջավայրում: Շատերը գրագողության են դիմում նաև անտեղյակության պատճառով:
Կան նաև միտումնավոր գրագողության դեպքեր, սակայն դրանք էլ շարունակական բնույթ են կրում, քանի որ գրագողությունն օրենքով չի պատժվում: Միևնույն ժամանակ` մասնագիտական շրջանակներում սխալ են համարում պատասխանատվության կտրուկ միջոցների դիմելը: Նախևառաջ բարոյական լուծումներ են պետք:
Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդեն պաշտպանվել է 60 ատենախոսություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղած 110 թեզի դիմաց։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի համար սա հիմք է ենթադրելու, որ գրագողության դեպքերը մոտ 50 տոկոսով նվազել են:
«Մենք միշտ խոսում ենք գիտական հանրության կողմից գրագողության դեպքերի մասին, բայց դա մեր հանրության ընդհանուր ախտանիշն է»:
Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ աշխատանքային կարիերայի համար որոշակի ոլորտներում պաշտպանելու անհրաժեշտություն այլևս չլինի, կամ գոնե խստացվեն պաշտպանության պահանջները, կտրուկ կնվազեն նաև գրագողության դեպքերը, նկատում է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:
«Կան մարդիկ, որոնք պնդում են, թե գիտական հոդված գրում են երկու շաբաթում: Դա չափից կարճ ժամկետ է»,- ասում է Սահակյանը:
Գրագողությունը Հայաստանում բավականին խորն արմատներ ունի, ինչը պարբերաբար հաստատվում է նաև փաստերով: Գաղտնիք չէ նաև, որ գրագողությունն անխուսափելիորեն հանգեցնում է կրթության որակի անկմանը և այս առումով սա համակարգային խնդիր է, ասում է Բաց-Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ներկայացուցիչ Անի Կոջոյանը:
«Գիտության և կրթության որակը վատացել է, մենք չունենք գիտելիք, խոսքը նաև բուհի ուսանողների մասին է: Մեր հետազոտությունները վկայում են, որ հարցված ուսանողների 66 տոկոսը խոստովանել էր, որ դիմում է գրագողության»,-ասում է Կոջոյանը:
Գրագողության դեպքերի աճը, ի դեպ, հիմնականում պայմանավորված է անպատժելիությամբ: Ծայրահեղ դեպքում լինում է բանավոր նկատողություն՝ նկատում է Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը:
Իրազեկման աշխատանքներ են նաև պետք: Գրագողությունը համակարգային խնդիր է, որն ունի շատ խորը արմատներ: Սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի փոխարեն դպրոցական շարադրություն է գրում: