Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լրագրողը ձերբակալվել է՝ խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով
2019-06-20 16:09:50

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Լրագրողը ձերբակալվել է:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար գումարտակի հրամանատարի տեղակալից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000  ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:

Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենաընթերցվածը