Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց. Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը
2019-06-19 18:56:23

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։ Այսինքն՝ դատավոր Արմեն Դանիելյանը կշարունակի նախագահել Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ու դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը։

Սա հերթական միջնորդությունն էր, որով պաշտպանական կողմը պահանջում էր դատավորից հայտնել ինքնաբացարկ։ Մինչ դատավորը խորհրդակցական սենյակում էր, այդ ընթացքում գլխավոր դատախազը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին։

Նախ անդրադարձավ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանին ուղղված խոսքին, թե յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու։

Դատական նիստը բավականին լարված էր ընթանում, դատավորը մի քանի անգամ կրկնեց, որ պահպանեն լռություն, այլապես դուրս կհրավիրեն դահլիճից: Դատավորի հորդորներին ներկաները շատ հաճախ չէին լսում։ Իսկ երբ Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատավարության մասնակիցներին չպետք է մոռանան ինչի համար ենք այստեղ եկել և չփորձել արհեստականորեն դատական նիստերը ձգձգել՝ դահլիճը դարձավ անկառավարելի:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առաջինը ներկայացրեց բողոքը։ Ասաց, որ առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս Դավիթ Գրիգորյանի, առանց որևէ հիմնավորման եկել է մի համոզման, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա սահմանադրականության խնդիր։ Պետրոսյանն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է դիրքորոշում հայտնել ապացույցները կեղծելու, գործի բացահայտումը թաքցնելու հանգամանքների վերաբերյալ։ Պետական մեղադրողը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ պնդեց՝ առաջին ատյանի դատարանը դատավարական սխալ է գործել: Գլխավոր դատախազի վստահեցմամբ՝ պետական ապարատի զգալի մասն անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը: Դատախազը հույս հայտնեց, որ դատարանը կմնա իր բարձր դիրքում և ճնշումների չի տրվի.

«Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել: Ինչպե՞ս կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որը բացառել է օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եւ արտաժույթների մուտքերի հանգամանքի վերաբերյալ»:

Դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Ելույթ ունեցավ նաեւ մարտի 1-ի զոհերից ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։ Նրան հետաքրքրող հիմնական հարցն էր՝ ինչո՞ւ սպանվեց իր տղան:

«Իմ որդին ո´չ ցուցարար է եղել, ո´չ անկարգություն է արել, ինչի՞ համար իմ որդին զոհվեց: Շարքի մեջ՝ իր պագոնի տակ էրեխեն կանգնած է եղել: Ո՞վ եկավ, հասավ Լեոյի փողոցը, որ սնայպերի գնդակով խփեց, իմ էրեխու վիզը ջարդեց: Էդ ժամանակ, որ իմ որդին դեռ կենդանի էր, ամուսնուս հետ էնտեղ էինք, ասեց՝ մամ, մեզ կարող է արդեն տանեն զորամաս, ոնց որ ամեն ինչ վերջացավ: 11 տարի է, պայքարում եմ իմանալու համար: Ինձ համար միեւնույն է հիմա՝ կդատվի՞ Քոչարյանը, չի դատվի, կնստի՞ որեւէ մեկը, իմ որդին հետ չի գա արդեն, բայց ինչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց, իմ որդին իրավաբան էր դառնալու, իմ որդին զինվոր էր, սպորտսմեն էր, պարապած տղա էր, բա ես ինչ անեմ հիմա, ասեք»:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան ունեցավ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ասաց, որ հասկանում է զոհերի հարազատներին.

«Ցավալի է ունենալ կորուստ, հատկապես նման հանգամանքներում, անկեղծ շատ հուզվեցի և հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել։ Կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունները»։

Դատական նիստը կշարունակվի վաղը և բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:

0:00
0:00

Ամենաընթերցվածը