Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քննադատել կարելի է շատ ավելի խիստ՝ առանց հայհոյանքների
2019-06-19 18:27:33

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիս ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 9 տասնյակի հասնող հայցադիմում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը վիճակագրությունը մտահոգիչ է համարում: Միայն այս մեկ տարվա ընթացքում ներկայացվել է այնքան հայցադիմում, որքան 2010-2014 թթ.- ին՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդած հինգ տարիներին։

Լրատվամիջոցների դեմ ներկայացված զրպարտության և վիրավորանքի հայցերի աճը երկու մեծ խնդրի մասին է վկայում: Մի կողմից՝ լրատվական դաշտի որակի անկման, մյուս կողմից՝ պետական ու քաղաքական գործիչների անհանդուրժող վերաբերմունքի: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի հրապարակած վիճակագրության համաձայն՝ ընդամենը մեկ տարում՝ 2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիս ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում:

Այս առումով Դոյդոյանը մի քանի մտահոգիչ դիտարկում է առանձնացնում: Ամենաանհանգստացնողը՝ լրատվական դաշտն այսօր հեղեղված է ապատեղեկատվությամբ, կեղծ լուրերով, վիրավորանք ու զրպարտություն պարունակող տեղեկատվությամբ: Երկրորդ մտահոգիչ փաստն այն է, որ այս հայցադիմումների մի մասը պարունակում է լուրջ փոխհատուցման պահանջներ: Զրպարտության դեպքում՝ 2 մլն, վիրավորանքի դեպքում՝ 1 մլն դրամ են պահանջում ԶԼՄ-ներից: Եթե դատարանները բավարարեն դրանք, ապա որոշ լրատվամիջոցներ կհայտնվեն լուրջ խնդիրների, անգամ փակման վտանգի առաջ: Եվ վերջապես երրորդ անհանգստացնող հանգամանքը, ըստ Դոյդոյանի, հայցադիմումների մի մասը ներկայացրել են քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները.

«Ինչպես նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող նույնիսկ վիրավորանք պարունակող հրապարակումների և հատկապես քննադատության նկատմամբ, որը, որոշ դեպքերում, կարող է լինել ցնցող, անհանգստացնող»:

Ի վերջո՝ դատարանները չեն այն միակ ատյանները, որոնց պետք է վստահել իրավունքների պաշտպանությունը՝ նկատում է Շուշան Դոյդոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում:

Թե որոնք են այն լրատվամիջոցները, որոնց նկատմամբ հայցադիմում է ներկայացվել, Դոյդոյանը դժվարացավ պատասխանել, դեռևս վերջնական վիճակագրությունը չկա: Նշեց, որ միայն «Առավոտ» և «Հրապարակ» թերթերի դեմ 5-ական հայցադիմումներ կան, ինչը փոքր թիվ չէ: Արդյո՞ք այս հայցադիմումները կնպաստեն պատասխանատվության ինստիտուտի կայացմանը: Շուշան Դոյդոյանը քիչ հավանական է համարում:

Դատական ատյաններին դիմելը սխալ է համարում նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, առավել ևս, որ դատական համակարգն այժմ լուրջ ճգնաժամի մեջ է:

Աշոտ Մելիքյանը նկատում է, որ ընդհանուր մթնոլորտն է շատ լարված: Վիրավորանքներ ու զրպարտություններ ոչ միայն լրատվամիջոցների, այլև քաղաքական ուժերի կողմից են լինում: Առաջին հերթին իրենք պետք է ուշադիր լինեն և բանավեճերը ծառայեցնեն բուն նպատակին ու ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտելուն՝ ասում է «Ռադիոլուրի» հետ զրույցում:

«Սա նաև ահազանգ է քաղաքական ուժերին, ահազանգ է հասարակությանը և ահազանգ է բոլոր այն մարդկանց, որոնք ինչ- որ մի բան ուզում են ասել: Ամեն ինչ կարելի է ասել շատ ավելի քաղաքակիրթ լեզվով, քննադատել կարելի է շատ ավելի ցավոտ, բայց առանց հայհոյախոսության»:

Մասնագետները նկատում են, որ այս միտումը միայն վերջին մեկ տարվան բնորոշ չէ, պաշտոնյաները միշտ էլ ավելի ակտիվ են եղել զրպարտության ու վիրավորանքի հայցեր ներկայացնելիս: Նոր միտումն այն է, որ հայցերի թիվն է կտրուկ աճել, ինչը կապվում է քաղաքական լարված շրջանի հետ:

0:00
0:00

Ամենաընթերցվածը