Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միասնական եկամտային հարկ․ փորձագետները մտահոգ են
2019-06-19 18:08:18

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Համահարթեցված եկամտային հարկ` նախաձեռնությունը կառավարությանն է, խորհրդարանական մեծամասնությունն էլ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել առաջարկին։ Կառավարությունում պնդում են՝ համահավասար եկամտային հարկը կնվազեցնի ստվերը, փորձագիտական դաշտում լավատեսությունը չեն կիսում։ Եկամտային հարկի միասնական դրույքաչափը Հարկային օրենսգրքի փոփոխություններից մեկն է միայն։

Ոչ միայն տնտեսական, սոցիալական, այլ նաև քաղաքական։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուշուդյանն այսպես է բնորոշում համահարթ եկամտային հարկի դրույքաչափի կիրառումը ։ Այժմ եկամտային հարկի երեք դրույքաչափ է գործում. մինչև 150 հազար դրամ ստացողները հարկվում են 23 տոկոսով, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ եկամուտ ստացողները՝ 28 և 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողները՝ 36 տոկոսով։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից այն իջեցնել արդեն՝ 20 տոկոսի։ Համահարթեցման արդյունքում, ըստ հրապարակումների, բյուջեի եկամուտները կնվազեն 27,5 մլրդ դրամով .

«Բյուջեի հարկերի կանխատեսումը մեխանիկական չէ։ Տնտեսական գործընթացներ են լինում, հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ անկում չես նախատեսել, սակայն այն տեղի է ունենում։ Վարքագծային պահերը, ցավոք սրտի, այն մոդելում, որ կիրառված է, դրված չէ։ Որոշում կայացնելիս քաղաքական ռիսկի տարրը կա»։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը փաստում է՝ նվազումը կլրացնեն օրինակ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման միջոցով, հատկապես, որ ՀՀ-ում այն բավականին ցածր է.

«ԱԱՀ-ի դրույքաչափի բարձրացման մենք չենք գնում, քանի որ ԱԱՀ-ն բնույթով ռեգրեսիվ հարկատեսակ է։ Եվ նրա յուրաքանչյուր բարձրացում ուղղակի հարված է հասցնում արտադրությանը։ Ակցիզային հարկի բարձրացումը կատարվում է ոչ թե պարզունակ, այլ համակարգային փոփոխությամբ»։

Հարկերը պարզեցնելով ստվերը չի վերանում՝ ասում է Աշոտ Խուրշուդյանը։ Չնայած հարկային փոփոխություններին՝ այժմ ամեն ինչ արվում է, որ ներմուծումը խթանվի։ Հայտարարությունը հիմնավորում է.

«Մի կողմից ուզում ենք տնտեսությունը աճի, մյուս կողմից էլ ամեն ինչ անում ենք, որ ներմուծումն ավելանա։ Արտադրողին հարկում են 3 տոկոսով, ներմուծողին՝ 1,5։ Սա խնդրահարույց է։ Չգիտեմ ՝ այս թերությունը նկատե՞լ են, թե՞ ոչ»։

«Տնտեսությունը պետք է հաշվառելի լինի»,- կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը ։ Արտադրողականության աճն այժմ ամոթալի վիճակում է՝ շարունակում է Մանասերյանը.

«Ցավոք սրտի, միշտ չէ, որ համահարթեցված հարկը իրեն արդարացնում է։ Հատկապես զարգացող երկրներում ձախողումներ են եղել և տարիներ անց ստիպված են եղել վերադառնալ»։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նույնպես կարծում է, որ հարկման պրոգրեսիվ համակարգը սոցիալական արդարության տեսանկյունից կարևոր է։ Եկամտային հարկի փոխարեն կառավարությունը գույքահարկի պրոգրեսիվ հարկման ինստիտուտի ներդրում է նախաձեռնել։

0:00
0:00

Ամենաընթերցվածը