Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Նա «Ռադիոլուր»-ին ասել է, որ արդեն ստացել են 27 դիմում-բողոք, դրանք մեծամասամբ զորակոչիկների առողջական վիճակի մասին հարցեր են:
Եթե միջամտելու կարիք է առաջանում, ըստ նրա հասցնում են զորակոչային մարմինների հետ այնպես աշխատել, որպեսզի հանձնաժողովի միջնորդությունից և դիմում բողոքի քննվելուց հետո կազմակերպվի անձի զորակոչը, եթե իհարկե եզրակացությունը պիտանիության մասին կմնա անփոփոխ:
Որպեսզի պարզ լինի, թե որքան կարևոր է հանձնաժողովի գործառույթը, Գեղամ Գրիգորյանը բացատրեց, որ դա բողոքարկման հարցի կարևորության հետ կապ ունի: Զորակոչի ընթացքում երբեմն տարբեր շահեր են ի հայտ գալիս, երբեմն հակադիր և շատ կարևոր է ըստ նրա, որ այդ շահերը ներդաշնակվեն, որ սպառիչ պատասխաններ ու լուծումներ ստանան: Հանձնաժողովի աշխատանքը խոշոր հաշվով հանգում է արդարության և օրինականության ապահովման խնդիրներին:
Անցած զորակոչին 84 միջնորդություն են ներկայացրել, որից 31 դիմում բողոք արմատական լուծում է ստացել: 29 զինծառայության պիտանելիության եզրակացություն վերանայվել է: Պիտանի համարված զորակոչիկները համարվել են ոչ պիտանի, կամ նրանց տրվել է տարկետում՝ բուժման նպատակով: Եվ երկու դիմում բավարարվել է նախարարի կողմից՝ դրանից մեկը ընտանեկան վիճակի հետ կապված: Զորակոչիկին տարկետում է տրվել հիվանդ մորը խնամելու համար:
Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա հունիսի 25-ին, ժամը 10:00-ից 18:00-ն մուտքն ազատ կլինի լրագրողների համար: Իսկ ընդհանրապես հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն:
Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով: