Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ և ովքե՞ր են դուրս բերում գումարները Հայաստանից
2019-06-19 17:08:07

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանից գումարների արտահոսքի վերաբերյալ հաղորդագրություն, ըստ որի իշխանափոխությունից հետո էլ այս գործընթացը ակտիվորեն շարունակվել է: Հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար գումար: Ի՞նչ գումարներ են դրանք և ի՞նչի համար են փոխանցվել արտերկիր:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ տարեսկզբի չորս ամիսներին ֆիզիկական անձինք միայն բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս են բերել 397 մլն դոլար։ Միջին ամսական այն կազմում է շուրջ 100 մլն դոլար: Թե այս գումարներն ի՞նչ նպատակով և ովքեր են հանել, պաշտոնական վիճակագրություն չկա: Սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանի ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանից իրենց գումարների արտահոսքն ապահովել են միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Գումարների արտահոսքը բիզնեսի տեսանկյունից նկատելի է հանքարդյունաբերության և առևտրի ոլորտում՝ «Ռադիոլուրին» տեղեկացրեց տնտեսագետը:

«Նրանք հաճախ իրենք գումարները բիզնեսից հանում են և դրա փոխարեն վարկ են դնում, քանի որ շատ հաճախ չեն վստահում իրենց բիզնեսին կամ քաղաքական գործընթացներին»,-ասել է Սուրեն Պարսյանը:

«Քեմբրիջի Անալիտիկս» վերլուծական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը դասվում է բարձր քաղաքական ռիսկ պարունակող երկրների ցանկին և, ըստ տնտեսագետի, դրա ազդեցությունը բացասական է ներդրումների և կապիտալի արտահոսքի վրա: Այս ամենով պայմանավորված է նաև այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները ներդրումները կամ տնտեսական գործընթացները կապում են քաղաքական աժիոտաժ հետ:

«Եթե չլինի խորհրդարանական ընտրություններ, ներդրումներ չեն լինի, եթե դատարաններն անկախ չլինեն, ներդրումներ չեն լինի: Սրա արդյունքում խոշոր և միջին բիզնեսը դուրս է գալիս Հայաստանից՝ իր հետ տանելով նաև իր կապիտալի մի մասը»,-ասաց տնտեսագետը:

Բիզնես միջավայրի վրա բացասական է անդրադառնում նաև հարկային նոր օրենսգիրքը: Օրինակ այն դրույթը, որով վերացվում է մեկ տարվա ընթացքում նոր հարկատեսակ ավելացնելու և հարկատեսակի դրույքաչափ բարձրացնելու երաշխիքը:

«Կառավարությունը կարող է ցանկացած ժամանակ նոր նախագիծ բերել, նոր հարկատեսակ ավելացնել կամ որևէ հարկատեսակի դրույքաչափ ավելացնել: Ներդրման համար սա բացասական ազդանշան է: Եվ նա, բնականաբար, կուզենա մեկ տարի ունենա երաշխիք, որ հարկային դաշտը չի փոխվելու»:

Եթե նախկինում տրանսֆերտներն էին դրսից գալիս, հիմա որոշ դեպքերում այստեղից են գումարները փոխանցվում արտերկում գտնվող ազգականներին օգնելու համար: Իսկ օգնությունը, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, բացատրում է այսպես՝ փոխանցումները կատարվում են կամ կրթության համար, կամ արտերկում բուժման:

«Մենք գիտենք, որ հազարավոր հայեր բուժվում են Ֆրանսիայի, Գերմանիայի կլինիկաներում: Կան մարդիկ, որոնք քաղաքական իրավիճակներից ելնելով դուրս են հանում իրենց գումարները՜ մտածելով, որ իրենք ունեն այնպիսի խնդիրներ, որոնց նկատմամբ որոշակի ուշադրություն կամ հետաքննության գործեր կբացվեն կամ այլ երևույթներ կլինեն», - նշում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կապիտալի արտահոսքի պատճառները ճշտելու համար, նախևառաջ պետք է ուսումնասիրվի, թե այդ գումարների մեջ կրկնվող անձերն ովքեր են, ինչ պարբերականությամբ են կատարում փոխանցումները: Քաղաքական գործընթացներում սև ու սպիտակի բաժանվելը տեղափոխվել է նաև տնտեսության ոլորտ: Այս կարծիքը տնտեսագետ Սուրեն Պարսյանինն է: Այժմ գործում են սև և սպիտակ տնտեսվարողներ, ասում է զրուցակիցս ու շեշտում՜ Հայաստանից հանվում են հիմնականում սև բիզնեսմենները, ովքեր այս իշխանությունների հետ, այսպես ասենք լեզու չեն գտնում:

«2018 թվականին հարկային ստուգման արդյունքում «Ալեքս գրիգի» նկատմամբ նշանակվեց 8 մլրդ դրամի չափով տուգանք: Եվ այս ընկերությունը վճարեց, բայց «Սպայկա» ընկերության դեպքում 7 մլրդ դրամի տուգանքը միանգամից միջնորդություն ներկայացվեց կալանքի մասով, ինչ արդյունքում այս բիզնեսը խոշոր վնասներ կրեց, չկարողացավ իր խոշոր ներդրումային ծրագրերն իրականացնել: չնայած որ այս ընկերությունը պատրաստ էր քննարկելու և վճարման ժամանակացույց կազմել: Չպետք է տարբերակված մոտեցում կիրառել բիզնեսի նկատմամբ հատկապես միջին և խոշոր»,- կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Պարզաբանենք, որ «Ալեքս գրիգը» պատկանում է խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, իսկ «Սպայկա» ընկերությունը կապվում է երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Նախկին իշխանության հետ սերտ կապերի արդյունքում զարգացած տնտեսվարողներին այսօր հետապնդելով ուղղելը ճիշտ չի համարում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրանց պետք է ուղղել միջավայրը փոխելով՝ ասում է:

0:00
0:00

Ամենաընթերցվածը