ՀՀ-ն համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր՝ այս մասին ԱԺ քառօրյա նիստում Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 373 մլն դոլար է:
Ֆինանսների նախարարը նաեւ շեշտել է, որ 2018-ին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 4,5 տոկոսի փոխարեն:
Չնայած ներքաղաքական զարգացումներով պայմանավորված ռիսկերի, որոնց վերաբերյալ, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ձեւակերպմամբ, շատ են եղել շահարկումներ, այդուհանդերձ, հնարավոր է եղել 2018-ին պահպանել մակրոկայությունյունը, հարկաբյուջետային կայունությունը, ֆինանսական կայունությունը, եւ բյուջեի կատարման գործընթացը:
Չնայած իր բոլոր դժվարությունների բյուջեի կատարումն իրականացվել է սահուն եւ այդ ընթացքում նախատեսված ծրագրերը կատարվել են, ըստ էության, առնվազն այն չափով, ինչքանով ակնկալվում էր կատարումը՝ արձանագրեց նախարարը.
«Մի քանի հիմնական ցուցանիշերի մասին. եթե դիտարկենք տնտեսության դինամիկան 2018 թ.-ի համար, ապա արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ: Լա՞վ է սա, թե՞ վատ: Հավանաբար գնահատականները տրվում են համեմատության մեջ: Նախ արձանագրենք, որ կանխատեսված էր 4.5 տոկոս տնտեսական աճ, բայց սա ըստ էության կանխատեսված էր որպես համեմատաբար պահպանողական: Ենթադրվել էր, որ տնտեսական հավանական աճը կլինի 2-5 տոկոսի միջակայքում: Մյուս համեմատականը աշխարհի մնացած տնտեսությունների հետ համեմատելը տեղին կլինի: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3.6 տոկոս, ԵՄ երկրներն աճել են միջինում 2.1 տոկոսով եւ ԵԱՏՄ երկրները՝ 2.5 տոկոսով: Այս պայմաններում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.2 տոկոս»: