Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-19 09:32:18
  • «Ժողովուրդ». Վեթթինգը ԲԴԽ-ն կանի
  • «Առավոտ». Ժամանակի անիմաստ կորուստ
  • «Ժամանակ». ԼՀԿ առաջարկը. Ինչ պահանջներ պետք է ներկայացվեն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին
  • «Իրավունք». Փաշինյանի հետ Կարապետյանը Բեգլարյանի հա՞րցն է քննարկել
  • «Փաստ». Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն

Վեթթինգը ԲԴԽ-ն կանի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վեթթինգի գործընթաց սկսելու մասին վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց վեթթինգի նախագիծը գրեթե պատրաստ է եւ առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Հանձնաժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռեւս տեղյակ չեն եղել` վեթթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, թերթի տեղեկություններով, կառավարությունը նպատակ ունի մինչեւ հուլիս ներկայացնել նախագիծը, որն արդեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վեթթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է:

Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած թերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` մինչեւ դատավորներին վեթթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել:

«Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթթինգի ենթարկեն դատավորներին եւ ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները»,- գրում է թերթը:

«Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթթինգի ենթարկեն դատավորներին եւ ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները»,- գրում է թերթը:

ԼՀԿ առաջարկը. Ինչ պահանջներ պետք է ներկայացվեն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի թեկնածուներին պետք է ներկայացվեն այն նույն պահանջները, ինչ պատգամավորին:

Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է լինել այն անձը, ով առնվազն երեք տարի ԱԱԾ-ում և Ոտիկանությունում զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի առնվազն գնդապետի կոչում: «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը քաղաքական պաշտոն են, և այդ պատճառով անընդունելի է այդ պաշտոնի թեկնածուների շրջանակը սահմանափակել ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներով»:

Ժամանակի անիմաստ կորուստ

«Առավոտ»-ի խմբագիրը առնվազն տարակուսելի է համարում, երբ երկրի երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իշխող կուսակցության համագումարում հայտարարում է՝ «մեր դեմ պատերազմ է հայտարարված» եւ նկատի ունի ոչ թե Ադրբեջանի կողմից իրապես մեր դեմ վարվող պատերազմը, այլ ինչ-որ ներքին թշնամիներին: Մի՞թե ՀՀԿ-ականներն ու քոչարյանականներն են մեր ամենակարեւոր խնդիրը՝ հարցնում է նա:

«Իշխանությունը, ենթադրում եմ, քաղցր բան է: Նրանք, ովքեր մի անգամ ճաշակել են այդ «սատանայական խնձորից», մնացած ողջ կյանքում երազում են նորից ու նորից ըմբոշխնել այն: ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները բացառություն չեն: Նրանք քարոզչություն են ծավալում ներկա իշխանության դեմ բացահայտ (որը նորմալ է) եւ «ֆեյքային» (որն ինձ դուր չի գալիս), նրանք երբեմն քննադատում են միանգամայն տեղին, երբեմն էլ անհեթեթ բամբասանքներ են տարածում: Այնքանով, որքանով նրանք գործում են օրենքի շրջանակներում, գնահատականները կարող են լինել «բարոյաքաղաքական» եւ ոչ իրավական ոլորտից: Բայց զուտ գործնական առումով պետք է հասկանալի լինի, որ նրանց երազանքը երբեք չի իրականանա: Ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը ժամանակ ծախսում մի բանի վրա, որը երբեք տեղի չի ունենա»,- գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Փաշինյանի հետ Կարապետյանը Բեգլարյանի հա՞րցն է քննարկել

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը:

Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաև իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում»:

Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն

«Փաստ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ հունիսի 25-ին կայանալու է «Նաիրիտ» քիմիական գործարանի աճուրդը: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը թերթի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ գործարանն աճուրդում մաս-մաս է վաճառվելու, ինչը հետագայում թույլ չի տալու քիմիական հսկայի վերագործարկումը: Բացի դա, գործարանի նախկին տնօրենն ափսոսանք էր հայտնել, որ «Նաիրիտի» համակարգող խմբի անդամներին չէին հրավիրել քննարկման:

Թերթը գրում է, որ նյութի հրապարակումից ժամեր անց «Փաստի» խմբագրություն է զանգահարել Իսրայելյանը՝ հայտնելով, որ, թերևս արձագանքելով նաև թերթի հրապարակմանը, գործարանի համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն: Համակարգող խմբի անդամների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն և ընդունվել հայտարարություն:

«Օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես-ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև կառավարության կողմից: Նման բիզնես- ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգող խմբի մասնակիցները՝ իրենց կարծիքները ներկայացնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

«Օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես-ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև կառավարության կողմից: Նման բիզնես- ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգող խմբի մասնակիցները՝ իրենց կարծիքները ներկայացնելու համար», - ասված է հայտարարության մեջ: Իսրայելյանի խոսքով, սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Ամենաընթերցվածը