Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հայաստան» համահայկական հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է
2019-06-18 18:00:39

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, ժամանակն է, որ այն իր վրա վերցնի նաեւ համահայկական ցանցն ամրացնելու եւ սերտացնելու առաքելությունը: Դրա համար փոխվել է պետք, որից չպետք է վախենալ:

Այս մասին այսօր շեշտել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 28-րդ նիստում: Նիստում ներկայացվել է նաեւ հիմնադրամի նոր ռազմավարությունը: 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով եւ նոր ոգեւորությամբ: 

Չնայած անցյալ տարվա դրամատիկ իրադարձություններին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վստահության մինչեւ վերջ վերականգնման խնդիր է տեսնում:

2018 թվականին հիմնադրամը իրականացրել է տարբեր ոլորտների եւ ծավալի շուրջ 100 ծրագիր: Որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրեց ծրագրերի որոշ մանրամասներ իր հաշվետու զեկույցում: Ցուցադրվեցին նաեւ տարբեր բնակավայրերում «Հիմնադրամի» գործունեությունը ներկայացնող հաշվետու ֆիլմեր:  

Համազգային կարեւորության հարցերը կրկին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում են: 2018-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար դյուրին չի եղել՝ իր հերթին նկատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

«Տարվա սկզբում ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել եւ վերականգնել հիմնադրամի բարի անունն ու համբավը»:  

Խոսքը հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի հետ կապված աղմկահարույց պատմության մասին է:

Այդ պատմության արդյունքում առաջացավ դժվարին ճգնաժամ, սակայն հիմնադրամը դրանից որեւէ ֆինանսական կորուստ չունեցավ՝ նշեց վերահսկիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը, որը այսօր նաեւ հայտարարեց հիմնադրամում պաշտոնավարումից հրաժարվելու մասին՝ անձնական պատճառներով: Մինչ այդ էլ խոսեց հիմնադրամի գործունեության նվազման մասին.  

«Մեր հիմնադրամի գործունեությունը կշարունակե նվազիլ: Մեր գործունեությունը մեկ տարվա մեջ կնվազի 22 տոկոս»:  

«Այս բոլորը, ես ենթադրում եմ, որ մարդկային մոտեցումներ են: Այս տեսակ վերաբերմունքը, ես կենթադրիմ, որ պիտի պատճառ ըլլար, որ նվազին մասնակցությունները, դժբախտաբար»,- ասաց հիմնադրամում ՌԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Բլուխյանը:

Խնդիրը, սակայն, ոչ այնքան ֆինանսական կորուստներ ունենալ-չունենալու մասին է, որքան դրա բարոյական կողմի: Նման իրավիճակները պետք է իսպառ բացառել՝ ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալու ավելի մոբիլ, ավելի ճկուն, ավելի հզոր համահայկական կառույց: Դրա համար փոխվել է պետք, որից չպետք է վախենալ՝ ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այն պետք է ընդունվի, ընկալվի եւ հաստատվի, առաջին հերթին, որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ ապագայով: Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ հայություն նպատակակետերով»:

Իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ համակարծիք է նախագահի հետ, որ նոր ժամանակներում պետք է նորովի դիտարկել ու նորովի գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները՝ տեսնելով նաեւ մեդալի հակառակ կողմը: Հիմնադրամը հայկական ներուժի խտացումն է եւ պետք է չլինեն դրվագներ, որոնք կազդեն այդ ներուժի իմիջի վրա:  

«Պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերները ավելի են լրջանում, ահագնանում եւ այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք: Ի վերջո, նախագահները, վարչապետերը, կառավարությունները անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի հավերժությանը: Դա մի հարց է, որ պետք է լուծում ստանա այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի էության եւ բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ եւ ես համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, հմտություն եւ իմաստնություն՝ մեր հայրենիքի եւ ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի հավերժությունը ապահովելու համար»:    

Հենց այդ նպատակով մշակվել է հիմնադրամի նոր ռազմավարությունը, որի մանրամասները ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նպատակը հիմնադրամի ցանցի ամրապնդումն է: Առանցքային փոփոխությունն է, որ բոլոր ծրագրերը համաձայնեցվեն-կոորդինացվեն հիմնադրամի հետ: Ծրագրերը որոշվելու եւ իրականացվելու են հիմնադրամի ցանցի կողմից եւ ոչ դոնորների, ինչպես նախկինում:     

0:00
0:00

 

 

Ամենաընթերցվածը