Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շիրակի պետական համալսարանը լուծարմա՞ն, թե՞ վերակազմավորման շեմին
2019-06-18 17:06:47

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի դիտարկումը, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով, բուհի ներսում և մասնագիտական շրջանակներում մտահոգությունների տեղիք է տվել:

Հետևելով արձագանքներին՝ նախարարի խորհրդականը նկատել է, որ  նախարարի մարտահրավերն արդեն իսկ տեղ է հասել: Լուծարման վտանգի առաջ կանգնած բուհում, ի դեպ, այս տարի դիմորդների թիվն աճել է՝ ասել է համալսարանի Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանը՝ նշելով, որ իրենց բուհը վարկանիշի աճ է արձանագրում, չնայած բուհի ռեկտոր դեռևս չեն կարողանում ընտրել:

Շիրակի համալսարանի ներսում համապատասխան գիտական միջավայրի ստեղծումը որոշակի գործընթացներից է կախված, կարծում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Մեկնաբանելով բուհին ուղղված նախարար Արայիկ Հարությունյանի նկատողությունը՝ Կարաբեկյանը նշեց, որ նախարարը պարզապես   կոչ է արել բուհին լուծել իր ներքին խնդիրները, վերականգնել գիտակրթական բնականոն գործընթացը և շարունակել զարգանալ: Հետևելով արձագանքներին՝ նախարարի խորհրդականը նկատել է, որ  այդ կոչն արդեն իսկ տեղ է հասել:

Այս նկատողությունն առաջին հերթին պետք է դիտարկել ե՛ւ որպես մարտահրավեր, ե՛ւ որպես իրական ակադեմիական արժեքների շուրջ համախմբվելու հնարավորություն՝ նկատեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Մարտիրոսյանը:

«Հարկավոր է սա դիտարկել իբրև հնարավորություն և հասկանալ, թե որ հատվածը  ինչ չափով պետք է այդ փոփոխություններին մասնակցի: Իմ կարծիքով՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա ստեղծված համալսարանը դեռևս լիարժեքորեն համալսարան չէ: Այդ ամենը դեռ առջևում է»:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանն էլ հայտնեց, որ այս տարի համալսարանում դիմորդների թիվն աճել է: Միևնույն ժամանակ՝ գյումրեցի բազմաթիվ հաջողակ դասախոսներ, գիտնականներ, որոնք գործունեություն են ծավալում Երևանում, չեն ցանկանում վերադառնալ Գյումրի: 

«Շատ ազդեցիկ գործոն եմ այս պահին համարում աշխատավարձի բարձրացումը: Խոցելիության տեսանկյունից բավականին առավելություններ ունի բուհը: Վարձավճարը բավականին ցածր է: Այսինքն՝ բուհը նաև Երևանից կարող է ուսանողների բերել Գյումրի: Մյուս առավելություններն են ավելի մեղմ կլիման, ավելի մարզական քաղաք լինելը»:

«Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը կարծում է, որ պետք է նախևառաջ Հայաստանում դիտարկել անցումային կրթության ներդրման խնդիրը: Ըստ փորձագետի՝ մեր ակադեմիական հանրույթը երկար տարիներ բուհերը ծառայեցրել է կուսակցական ու քաղաքական շահերի համար, ինչի պատճառով այսօր բազմաթիվ խնդիրներ կան նաև այս բուհում:

Այդուհանդերձ՝ Միշա Թադևոսյանն այստեղ նաև դրական գործընթացներ է տեսնում:

«Կա ազատ խոսքի իրավունք, բազմակարծություն։ Եթե նախկինում մենք ունեինք բուհեր, որտեղ մեկ քննարկումով որոշում էր կայացվում, այսօր ունենք բուհի ներքին շահառուներ, որոնք կարծիք են հայտնում»,- ասաց Թադևոսյանը:

Գյումրիի «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանն էլ «Շիրակի պետական համալսարանում գոյություն ունեցող առաջին խնդիրը մենեջմենթի իսպառ բացակայությամբ է պայմանավորում։ Ներկայումս համալսարանում չկա կառավարում, ուստի անհրաժեշտ է կոմպետենտ կադրեր նշանակել, որոնք կկարողանան ոտքի կանգնեցնել համալսարանը:

Օրերս նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, բայց ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում՝ ասել էր նախարարը և շեշտել, որ նման իրավիճակը շարունակվելու դեպքում բուհի լուծարման կամ միավորումների հարց կդրվի։

0:00
0:00

Ամենաընթերցվածը