Արագածոտնի մարզում շտապօգնության մեքենայի վրա հարձակվածները եղել են Ոսկեհատ գյուղից։ Այս գյուղի 64- ամյա բնակչի դին տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որից հետո նրա ընտանիքի անդամներից մեկը կենտրոնի բակում քարով վնասել է շտապօգնության մեքենան՝ «Ռադիոլուրին» հայտնել են ոստիկանությունից։
«Կա բերման ենթարկված, վնասի չափը պարզվում է: Ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-մեզ ասել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 64- ամյա տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի խոսքով` կանչը գրանցելուց 8 րոպե հետո բուժանձնակազմը եղել է հիվանդի տանը, սակայն վերջինս արդեն մահացած է եղել: Ընտանիքի անդամները տեղափոխել են հիվանդանոց և արդեն հիվանդանոցի բակում հարազատները վնասել են շտապօգնության մեքենան: Բուժանձնակազմից տուժածներ չկան, սակայն նրանք բարոյահոգեբանական ծանր վիճակում են՝ «Ռադիոլուրին» ասել է բժշկական կենտրոնի տնօրենը:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։
Ըստ նախարարի՝ մեքենան դեպքի վայր ժամանել է նույնիսկ ավելի շուտ, քան սահմանված է նորմատիվով։
Արսեն Թորոսյանը խստորեն դատապարտել է բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ արել ոստիկանությանը հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։