Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հայաստան» հիմնադրամը պետք է ընկալվի որպես համազգային վստահության ինստիտուտ
2019-06-18 13:08:28

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ՝ ապագայով` հայտարարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստում:

«Ավելի քան 25 տարի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը՝ որպես Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում:

2018-ի ընթացքում Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալի ընդհանուր շուրջ 100 ծրագիր, որոշ ծրագրեր դեռ շարունակվում են...Սակայն հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց: Իսկ դրա համար պետք է կարողանալ փոխվել՝ նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով, կանոնադրությամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով: Փոխվելուց պետք չէ վախենալ, հատկապես երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ:

Հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ՝ ապագայով: Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարված աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին, շարժվենք դեպի ապագա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» և «հայություն» նպատակակետերով»,-ասել է նախագահը:

Նախագահը նշել է նաև, որ 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել և ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ:

«Հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Իսկ նվիրատվությունները շարունակվեցին նաև հեռուստամարաթոնից հետո, շարունակվում են նաև այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է։ Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները։ Այդ գործընթացը պետք է շարունակական լինի:

Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները հիմնադրամի դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն։

Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ՝ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր՝ ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ: Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու և սերտացնելու առաքելությունը: Ի վերջո, մենք հայապահպանության՝ հայոց լեզվի, ինքնության, պատմության ու արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորում է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը՝ հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ ամրացնելով հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը»,-ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ամենաընթերցվածը