Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Ամառվա հետ գալիս են ճամբարային օրեր, հանգիստ, բակային խաղեր ու մի հսկա ազատություն երեխաների համար: Թե ինչ ճամբար ուղարկեն իրենց երեխաներին՝ ծնողները ընտրության հնարավորություն ունեն: «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարը իր տեսակով յուրօրինակ է՝ միակը Հայաստանում: Հենց այդ յուրօրինակ ճամբարի մասին էլ պատմում է «Ռադիոլուրի» թղթակիցը:
Լուսինեն Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղում որդու՝ Դավիթի հետ մեկ օրվա մի քանի ժամ է անցկացրել: Ասում է՝ այդ օրվա տպավորություններն իրենց առօրյայի մասն են դարձել: Օր չկա՝ մտքով հետ չգնան Ճամբարակ. «Էդ օրը մենք քշեցինք անձրևին, կանչեցինք արևին»:
Ճամբարակում մեկ օր լինելու պատճառը «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարն է: Մեկնարկը դեռ չի տրվել, բայց կազմակերպիչները ծնողներին ու երեխաներին մեկ օրով ծանոթացրել են ճամբարի կյանքին:
Բնության ու գյուղատնտեսության հիմքի վրա է ստեղծվել ճամբարը՝ իր տեսակով դեռ միակը Հայաստանում:
«Հրաշք, հեքիաթ, իր տեսակով՝ եզակի: Տղաս ամեն օր խոսում ու պատմում է՝ ինչպես է տրակտոր քշել, ինչպես է ծանոթացել մեղուների «ընտանիքի» հետ, ինչպես է իր ձեռքով կերակրել հորթուկներին»,- ոգևորված ու փայլող աչքերով պատմում է Լուսինեն:
Ճամբարի գաղափարից մինչև ստեղծում, այդ ճանապարհի հետևում Սաթենիկ Խաչատրյանն է կանգնած: Սովորել ու ուսումնասիրել է Եվրոպայի փորձը, երկար ժամանակ ապրել ու շրջել դրսում, հետո որոշել նոր գաղափարներով զինված վերադառնալ հայրենի Մարտունի:
Երեխաները ճամբար կգնան փոքր երկու խմբերով՝ 10-13 տարեկանները միասին, 14-17 տարեկաններն էլ իրար հետ: Կգիշերեն հյուրընկալ մարտունեցի ընտանիքներում, գյուղացիներին կօգնեն՝ ինչով կարողանան:
«Ճամբարը հնարավորություն կտա երեխաներին հասկանալու սննդի շղթան, հասկանալու, թե խանութում վաճառվող կաթը որտեղից է, ինչ կապ կա մեր սննդի ու բնության միջև: Ծրագիրն ամփոփել ենք 7 օրում»,- ասում է Սաթենիկը:
Սաթենիկն իր խմբով անակնկալ էլ ունի՝ մինչև այս ամսվա վերջը, որն ամենալավը գրի, թե ինչու է ուզում դառնալ ճամբարի մի մասը, անվճար մասնակցության հնարավորություն կունենա:
Ճամբարը հիմնականում քաղաքաբնակ ու տեխնոլոգիաներով շրջապատված երեխաների համար է՝ նրանց, ովքեր ինչ-որ կետում խախտել են իրենց կապը բնության ու բնական միջավայրի հետ: