Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մենք ճկռալով աշխատում ենք. Երևանի քաղաքապետը հակադարձում է ընդդիմադիրներին
2019-06-17 18:48:52

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների թիվն առաջիկայում կավելանա 126-ով։ Քաղաքապետն ունենալու է  7  խորհրդական: Արդյո՞ք այդքան խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն չէ՝ ավագանու արտահերթ նիստում հարցրեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ շեշտելով՝ իրենց խմբակցության որևէ առաջարկ չի ընդունվել նախագծում:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւս հաստիքացուցակը ուռճացված  է համարում. «Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, ասում էինք` թող մնա 4, օգնականներից մնան 2-ը: Ավելացումների կարիք կար տրանսպորտի վարչությունում, ճարտարապետության ոլորտում, բայց չի արվել»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց Խաժակյանի հայտարարությանը, թե նախկինում էլ նույն հաստիքացուցակով աշխատում էին, ի՞նչն է փոխվել՝ փոխվել է աշխատելաոճը, աշխատանքն է շատացել. «Մենք ճկռալով աշխատում ենք: Այո´, իրավաբանականում, ճարտարապետականում պիտի բարձրացնենք, վարչության պետերն անընդհատ գալիս, ասում են, որ չեն հասցնում: Օպտիմալացումը չի նշանակում միայն կրճատում: Այս հաստիքացուցակն այսօր շատ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որը գալիս է: Ես ցավում եմ, որ չեք տեսնում տարբերությունը: Այսօր չկա որևիցե դիմում, որ օրենքից դուրս, խախտումներով է մշակվում, ինչ-որ անուն-ազգանուններով»,- ասել է Մարությանը:

Ավագանու նիստում քննարկվեց աղբահանության հարցը։ Ավագանին հաստատեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը։ Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը այս հիմնարկի աշխատավարձերը շատ բարձր է համարում եւ շեշտում՝ ադմինիստրատիվ աշխատողների, որոնք մոտ են քաղաքապետի ու փոխքաղաքապետերի դրույքաչափերին։

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը համաձայնեց, որ բարձր են աշխատավարձերը, եւ բերեց հիմնավորումները: Այն, որ հիմնարկի աշխատակիցները իրականացնելու են  քաղաքապետի ամենակարևոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակն են ապահովելու։

Ավագանիում այսօր նիստը հարթ չընթացավ։ Ընդդիմադիր խմբակցությունների անդամների եւ քաղաքապետի միջև բանավեճերով էին ուղեկցվում: Հայկ Մարությանին հատկապես նյարդայնացնում էր այն, որ ընդդիմադիրներն աշխատանքը չեն  նկատում ու համեմատում են նախկին իշխանությունների աշխատանքի հետ:

Երևանի քաղաքապետարանի  նոր հաստիքացուցակը հաստատվեց 43 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

0:00
0:00

Ամենաընթերցվածը