Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստի քննարկման առանցքում էր Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը: Պատգամավորները փորձում են հասկանալ, թե ինչու են Ֆրանսիայի դատարանները կարողացել նման որոշումներ կայացնել:
ՀՀ փոխարտգործնախարարն էլ բացատրում է, որ շարունակելու են Ֆրանսիայի հետ աշխատել ու ավելի խորացնել երկու երկրների հարաբերությունները:
Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության համաձայնագրերը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆրանսիայի դատարանների այս որոշումը Հայաստանի կողմից թույլ տրված բաց է համարում, կարծում է, որ հետևողականություն դրսևորելու դեպքում նման որոշումներ չէին լինի:
Ըստ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Բաբաջանյանի՝ այսօր էլ որևէ ջանք, ոչ մի միջոց չպետք է խնայել գործընթացը արագ կասեցնելու համար:
ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը հարցադրումներին ու մտահոգություններին ի պատասխան պարզաբանեց, որ հայկական դիվանագիտությունը աշխատում է էլ ավելի ամրապնդել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն էլ բացատրեց, որ Ֆրանսիան ունի ապակենտրոնացման ձևաչափով գործող գործընթաց, ինչը թույլ է տալիս քույր քաղաքների հետ ունենալ համապատասխան համաձայնագրեր` այդ թվում և չճանաչված պետությունների հետ:
Պարզապես մյուս երկրներում Մինսկի խումբը չի աշխատում: Իսկ բողոքարկող կողմն օգտագործել է եզրաբանությունը, որը չի համապատասխանում Մինսկի խմբի շրջանակներում գործող տերմիններին, որտեղ տեղական իշխանությունն այլ ձեւով է ներկայացվում եւ դա օգտագործվել է զուտ իրավական տեսանկյունից:
Օրենքում մի ձև է նշված, համաձայնագրում՝ մեկ այլ: Ձևակերպումն է պատճառ դարձել, որ 12 համաձայնագրեր չեղյալ հայտարարվեն: Հովհաննես Իգիթյանը, սակայն, համոզված է, որ հարցը շուտով կշտկվի և համագործակցությունը Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների միջև կշարունակվի:
Ֆրանսիայի մի քանի քաղաքներ պատրաստվում են բողոքարկել դատարանների որոշումները: Facebook-ի իր էջում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն գրել է, որ օրինա+կան է համարում Շուշիի հետ կնքված բարեկամության պայմանագիրը և բողոքարկելու որոշումը:
Նա գրել է, որ բազմիցս է եղել Շուշիում եւ հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որին թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել:
Ֆրանսիայի Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը ևս պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Նա նշել է, որ որոշումը, մեջբերենք, «մոլեռանդության հասնող հետապնդում է», ինչը դժվարանում է բացատրել: