Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը՝ անապատացող երկրների ցանկում
2019-06-17 17:42:22

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է:  Հայաստանն անապատավտանգ երկրների թվում է, սակայն դրան զուգահեռ էլ նաև  անապատացման դեմ պայքարի ակտիվ երկրների շարքում է: Ինչպիսի՞ն է Հայաստանի պատկերը և ի՞նչ քայլերով է Հայաստանն առաջ գնում:

Մեր հանրապետությունը, լինելով սակավահող փոքր երկիր, դասվում է աշխարհի առավել անապատավտանգ երկրների ցանկին: Հայաստանի հողերի  80 տոկոսից ավելին ենթարկվում է դեգրադացիայի։ Այսինքն՝ կորցնում են  կենսաբանական և տնտեսական հատկությունները, որից 43 տոկոսը անապատացման վտանգի առաջ է: Տեղեկությունը փոխանցեց Շրջակա միջավայրի նախարարության  կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, անապատացման դեմ պայքարի կոնվեցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը:

«Անցյալ տարի ներկայացվեց 7-րդ ազգային զեկույց, ոորով ներկայացվել է,. որ գլոբալ տվյալներով ՀՀ տարածքի 2.67 տոկոսն է դեգրադացվում, իսկ մեր հանրապետության կատարած հաշվարկներով մենք ստացանք 1.67 տոկոս»,-նշեց Վարդեւանյանը:

Անապատացման պատճառները տարբեր են: Պատճառը ոչ միայն  աշխարհագրական դիրքն է և բնակլիմայական պայմանները, այլև հազարամյակների  ընթացքում ձեւավորված  բնօգտագործման ոչ ճիշտ մշակույթը։ Սխալ բնօգտագործումը հանգեցրել է նրան, որ մեր հանրապետության տարածքում  անապատացման գործոնի թե բնական, թե սոցիալ- տնտեսական բոլոր երևույթներն արտահայտված են՝ ասում է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:  

«Մեր տարածաշրջանը, մեր տարածքը,  Հայկական լեռնաշխարհը, ՀՀ տարածքը այսօր անդադար, դարեր շարունակ ենթարկվել է  հողօգտագործման, բնօգտագործման գործընթացին: Եվ բնականաբար ոչ միայն բնական գործոնների, այլև մարդկային գործոնի ազդեցության տակ մեր տարածքը հանդիսանում է գերշահագործված, հողային ռեսուրսների բնական վիճակի վերարտադրողականության առումով   բավականին խնդիրներ ունեցող տարածք»,- շեշտում է Աշոտ Խոյեցյանը:

Անապատացումը կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների օգտագործման և կառավարման, պարենային հիմնախնդրի, գյուղատնտեսական տարբեր գործոնների հետ փոխկապակցված երևույթ է: Թեւ մեր տարածքը հանդիսանում է բնակլիմայական տեսանկյունից ռիսկային գոտի, այդուհանդերձ, ավելի կարևորվում է մարդկային գործոնը՝ ասում է Աշոտ Խոյեցյանը:

«Եթե հարթավայրային երկրներում այդ նույն խնդիրների զարգացումը ժամանակային առումով ավելի երկար գործընթաց է, ապա մեր մոտ այդ խնդիրները շատ արագ են  զարգանում և հողերի դեգրադացման խնդիրը  այսօր մեր հանրապետության տարածքում անապատայինից սկսած կիսաանապատային գոտուց  մինչև ալպյան գոտի գոյություն ունի: Այն ընդգրկում է թե՝ վարելահողերը, թե՝ խոտհարքները»,- նշում է Աշոտ Խոյեցյանը: 

Բնապահպանության հիմնահարցերով մտահոգ պրոֆեսորն ահազանգում է, որ մեր հանրապետության տարածքում հողերի աղակալումը, էրոզիան, հողերի ճահճացումը, ոչ նպատակային օգտագործման գործընթացն  արդեն հասել է այն աստիճանի, որ ակտիվ միջամտության բացակայության դեպքում, հանրապետությունը կարող է շատ արագ հողազրկվել:

Շրջակա միջավայրի պահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանն էլ հավելեց, որ գործողություններ են իրականացվում տարբեր ուղղություններով: Նախորդ տարվանից Արարատի մարզի Նարեկ համայնքում իրականացվում է Կորեայի Հանրապետության կողմից ֆինանսավորվող կաթիլային ոռոգման, դաշտապաշտպան անտառների հիմնման և բիոհումուսի օգտագործման ծրագիր։ Այն կավարտվի հաջորդ տարի:   

«Անպայման մենք կլինենք տեղերում: Եվ այդ նկարահանումները իրականացվում են տեղում  և կհամեմատենք ինչ ունենք  մինչև այդ և ինչ ունենք ներկայումս: Ուզում եմ շեշտել, որ այս ծրագրին մասնակցում է ոչ միայն գրանտային ներդրումը, այլև համայնքն ինքն էլ է  մասնակցում: Ոռոգման համակարգը 10-20 հեկտարի վրա է, բիոհոմուսը նույնքան, դաշտապաշտպան անտառաշերտերն էլ մի քանի կիլոմետր: Համայնքը եղել է տնկարանային տարածք: Ներկայումս որոշ հատվածներ ջրի սակավության պայմաններում չորացել են: Իսկ կաթիլային ոռոգումը ցույց է տալիս դրա անհրաժեշտությունը»,- նշեց  շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը:

Ոլորտի մասնագետները կարծում են, որ անապատացման հիմնախնդիրը միայն կառավարության լուծելիք հարցը չէ: Դրանում պետք է ներգրավված լինի նաև հասարակությունը: Բնօգտագործողը, հողօգտագործողը, ֆերմերը կամ գյուղացին ինքը պետք է լինի շահագրգիռ վերոնշյալ  խնդիրների լուծմանը՝ ասում է աշխարհագրագետն ու հավելում, հանրությունը պետք է մասնակցի օրինակ հողերի հակաէրոզիոն միջոցառումներին, կանխի անտառհատումները:     

0:00
0:00

Ամենաընթերցվածը