Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ է կատարվում ԲԴԽ-ում. դատավորները կամավո՞ր են գնում, թե՞ դուրս մղվում
2019-06-17 17:06:39

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 5-ն արդեն հրաժարական են ներկայացրել: Ի՞նչ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդում՝ լարված հարաբերությունների արդյո՞ւնք, թե՞ կամովին հրաժարականներ:

Այս թեմայով այսօրվա քննարկման ժամանակ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ձեւակերպել է, թե արդարադատության համակարգ որպես այդպիսին մենք չենք ունեցել, ուստի՝ այդ մասին խոսելիս էլ պետք է նկատի ունենանք, որ գործողությունները պետք է սկսենք զրոյից, այսինքն՝ այդ համակարգը Հայաստանում նոր պետք է կազմավորվի:

ԲԴԽ անդամները, սակայն, զերծ են մնում հրաժարականները մեկնաբանելուց:        

Շատ լավատես է պետք լինել՝ մտածելու, որ արդարադատության համակարգին ժամանակ տալով այն կարող էր առողջանալ՝ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ դատավորներն իրենք են հասկանում, որ մեր իրականությունից դուրս են:

Նրանք բոլորը՝ վերից վար, իրենց գործողություններով տարիներ շարունակ ներգրավված են եղել արդարադատության դեմ գործողություններում: Նրանց կայացրած շատ վճիռները արդարադատության հետ եզրեր անգամ չունեն՝ ասաց իրավապաշտպանը:    

«Նրանք մշտապես պատվեր կատարողներ են եղել: Հայտնի են մեզ որպես պատվեր կատարողներ եւ մեր նոր իրականության մեջ էդ համակարգը չպետք է կարողանա տեղավորվել: Հիմա չեն էլ տեղավորվում: Էդ հրաժարականները ես բացատրում եմ հենց այդ հանգամանքով: Նրանք իրենց տեղը չեն գտնում մեր նոր իրականության մեջ: Նրանք դուրս են մղվում: Ոչ թե նրանք են գնում, այլ նրանք դուրս են մղվում եւ շատ արագ պետք է գա  պահը, որ մենք հայտարարենք, որ ունենք նոր դատարաններ, նոր արդարադատության համակարգ՝ նոր դեմքերով»:  

Ակնհայտ է, որ դատական համակարգն ամբողջությամբ այլեւս ի վիճակի չէր ծառայելու իր բուն նպատակին, ինչի համար ստեղծվել էր՝ իր հերթին պնդեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը՝ մեկնաբանելով ԲԴԽ դատավորների հրաժարականների փաստը: Ըստ նրա՝ հրաժարականները դատավորների դիտարկում են նաեւ վեթինգից խուսափելու հնարավորություն: Այս առումով՝ նա զգուշացնում է Ուկրաինայի փորձից.    

«Շատ դատավորներ, խուսափելու համար պատասխանատվությունից, ուղղակի, դիմումներ գրեցին, դուրս եկան: Հետո շրջանցեցին էդ համակարգը եւ արդեն, փաստացի, վերադարձան նույն, այսպես կոչված, դատական համակարգ ու շարունակեցին իրենց գործունեությունը: Սրա մասին մենք անընդհատ փորձում ենք խոսել, բայց մեզ ուղղակի լսող չկա»:

Չի կարող հին համակարգը ծառայել իր գործառույթին: ԲԴԽ-ն չի պաշտպանել դատավորներին, այլ՝ հրահանգավորել է: Հեռանալով դատավորները նաեւ անձնական պատասխանատվություն պետք է կրեն՝ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահը: 

«Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, այլապես՝ մենք չենք ունենա երաշխիք, որ էս ամեն այլանդակությունը, էս այլասերվածությունը երբեք չի կրկնվելու»:

ԲԴԽ անդամները զերծ են մնում մեկնաբանություններ անելուց: «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով՝ դատավորները խոսելու տեղ չունեն, քանի որ եթե անձնապես էլ մեղք չեն գործել, բայց չեն բարձրաձայնել արդարադատության համակարգում կատարվողի մասին, ապա՝ մեղսակից են:         

«Եթե դու իմանում ես, որ ամբողջ էդ համակարգը փթած ա, ամբողջ էդ համակարգը հանցավոր ա ու դու շարունակում ես էդ համակարգում աշխատել, դու, ուզես թե չուզես, էդ համակարգի մասն ես կազմում: Այնպես որ, էսօր դատավորները ուղղակի խոսելու տեղ չունեն: Բան չունեն ասելու էս ժողովրդին»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, կարծում է, որ դատավորները պետք է հանդես գան ե՛ւ զղջմամբ, ե՛ւ վերցնեն իրենց վրա, նրա ձեւակերպմամբ, «չարդարադատությանը ծառայելու բեռը»:

«Հասարակությունը եւ հանրությունը պետք է իմանա, որ նրանք ոչ միայն հեռանում են, այլ նաեւ՝ հասկանում են, թե ինչի՞ համար են հեռանում: Ակնհայտ է, որ մեր իրականության մեջ  նրանք տեղ ունենալ չեն կարող»:

Սուսուփուս չպետք է լինի: Յուրաքանչյուրը հասարակության աչքի առաջ պետք է հեռանա՝ ընդունելով իր մեղքը - ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ հեղափոխությամբ մի ամբողջ էպոխա է մերժվել եւ այն պետք է հասնի իր տրամաբանական ավարտին, հակառակ դեպքում՝ այն կվերածվի իշխանափոխության: Իրավապաշտպանի խոսքով՝ եթե միայն ԲԴԽ-ն ենք փոխում, արդարադատության համակարգը կառողջանա, բայց կմնա կաղ:   

Նինա Կարապետյանցն էլ կարծում է, որ արդարադատության համակարգն ամբողջությամբ պետք է վերափոխվի: Դրան մասնակցել է դատախազությունը, ԱԱԾ-ն, բոլորն էլ վեթինգ պիտի անցնեն՝ ասաց նա: Շեշտեց, որ քաղհասարակությունն էլ  պիտի իմանա, որ ամենածանր բանը հիմա է սկսվել ու պիտի կռիվ տա, լինի հետեւողական ու պահանջատեր:        

«Հիմա քաղհասարակությունը հայտնվել է շատ ծանր վիճակում, որովհետեւ բոլորի հետ կռիվ ենք տալի՝ նախորդի հետ ենք կռիվ տալի, ներկայի հետ ենք կռիվ տալի: Արդեն մենք էլ ենք ինչ-որ վիճակի մեջ հայտնվել, երբ որ չես հասկանում՝ լավ, ո՞վ  ո՞ւմ կողմից ա, էլի, ով ո՞ւմ համար ա աշխատում»:   

Իսկ թե ինչպես ձեւավորել նորը, որ ծառայի արդարադատությանը եւ ոչ նոր իշխանություններին. հնարավորինս մաքուր անցյալ ունեցող մարդու պետք է ընտրել՝ սկզբունքային եւ անկախ՝ ասացին իրավապաշտպանները: Նշեցին նաեւ, որ եթե ծառայեն իշխանությանը ու ոչ արդարադատությանը, ապա նորերին էլ պետք է ասել «բարի ճանապարհ»: էնքան պիտի գնան՝ մինչեւ խելքները գլուխները հավաքեն՝ եզրափակեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:  

0:00
0:00

Ամենաընթերցվածը