Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արդյո՞ք Սուլամիթան Սևակի ամբողջ կյանքի սերն էր
2019-06-17 16:33:46

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պարույր Սևակը մահացավ 1971 թվականի հունիսյան այս օրը՝ ավտովթարից։ Նրա մեքենան բախվել էր գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենայի հետ։ Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։

Ըստ դրանցից մեկի` Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել` պատճառաբանելով, որ գործեր ունի։ Գրողն ինքն է որոշել վարել ու կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է՝  եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, երկու որդիները` մեքենայի հետնամասում։ Հայրենի գյուղից 8 կմ հեռու Սևակի մեքենան բախվել է բեռնատարին, ինքն ու կինը մահացել են։ Ավտովթարի տեղում կառուցված հուշաքար այցելությամբ այսօր մեկնարկեցին հիշատակի օրվան ու հոբելյանական 95-ամյակին նվիրված միջոցառումները: Զանգակատան դպրոցի սաներն այստեղ մթնոլորտը լցրել էին Սևակի պոեզիայով:

Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին, Արարատի մարզի Չանախչի, այժմ՝ Զանգակատուն գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել՝ ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։ Պարույր Սևակի թոռը, որը նաև այսօրվա միջոցառումների կազմակերպիչն ու Զանգակատանը գտնվող գրողի տուն-թանգարանի տնօրենն է, հետաքրքիր մի  փաստ է մեզ փոխանցել։

Սևակը ծնվել է հունվարի 24-ին, բայց կենդանության օրոք ծնունդը նշում էր հունվարի 26-ին: Պատճառը՝ հեղափոխության առաջնորդ  Վլադիմիր Լենինի մահվան օրն էր՝ պատմում է Սևակ Ղազարյանը:

Ինչպիսին էր Պարույր Սևակը որպես հայր. Սևակ Ղազարյան ասում է, որ իր հայրը՝ Արմեն Ղազարյանն ընդամենը 13 տարեկան էր, երբ հայրը ավտովթարի զոհ դարձավ, բայց հուշերն, այդուհանդերձ, քիչ  չեն

Եթե աշխատում էր Երևանում, ապա գիշերը՝ ժամը երեքից, չորսից հետո մինչ առավոտյան յոթը: Զանգակատուն գյուղի՝ նրա սիրելի ծննդավայրի հետ կապված էլ  հիշողություններ կան: Սևակը որոշում է գյուղում տուն կառուցել, որն այսօր կանգուն է և որի հարևանությամբ նաև տուն-թանգարանն է: Տասնմեկ տարի տուն է կառուցում, քանի որ խորհրդային տարիներին շինանյութ գտնելն այնքան էլ հեշտ չէր: Այն, ինչ մեզ պատմում է գրողի թոռը, գյուղի հարևաններն են նրան պատմել.

«Նա բանվորների հետ հավասար աշխատում էր տան վրա: Երբեմն քաղաքից պատվավոր հյուրեր էին գալիս, ու երբ հարցնում էին՝ ուր է Սևակը, չէին հավատում, որ փոշու, շինանյութի մեջ կորած մարդը հենց նա է: Իր ձեռքով նաև հրաշալի այգի է տնկել։ Կարծես, այն նրա  ստեղծագործություններից մեկը լինի, որը, ցավոքծաղկուն ու ավարտուն վիճակում չտեսավ»,- ասում է Սեւակ Ղազարյանը:

Գրականագետ Հովիկ Չարխչյանի հեղինակությամբ 2004-ին լույս տեսավ «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատորյա գիրքը։ Այն գրողի և Սուլամիթա Ռուդնիկի սիրո մասին: Գրողի ընտանիքն այս գիրքը, մեղմ ասած, ոգևորությամբ չընդունեց:

«Սևակը սիրառատ մարդ է եղել, և շատ կանայք են եղել նրա կյանքում: Դա գաղտնիք չէ, և ոչ էլ մենք ենք փորձել նրա մարդկային տեսակը այլ կերպ ներկայացնել: Գրքի հետ կապված խնդիրն այն է, որ հեղինակը Սուլամիթային ներկայացրել է որպես Սևակի մեծ ու, կարծես, ամբողջ կյանքի սերը: Դա ուղղակի սուտ է»,- պարզաբանում է Սևակ:

Սևակն ունեցել է սերեր նաև Սուլամիթայից հետո, այդպիսին էր նա՝ սիրառատ ու շատերի կուռքը դարձած բանաստեղծը: Ի՞նչ է նրանից ժառանգել թոռը՝ Սևակ Ղազարյանը։ Ասում է՝ սերը գյուղի, արվեստի ու գրականության հանդեպ:

0:00
0:00

Ամենաընթերցվածը