Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիվ փուլ են նախանշում
2019-06-17 10:34:46

«Ազդակ»-ում թերթի խմբագիր Շահան Գանտահարյանն այսօր անդրադարձել է Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշմանը:

«Պարզ է, որ հակառակորդի, ավելի ճիշտ, հակառակորդների կողմից քաղաքական աշխատանք է իրականացվում, բողոքարկելու եւ պահանջելու նման համաձայնագրերի չեղարկումը։ Բաքվի կողմից Փարիզին հղված բողոքագրերը սկսել էին արդեն ազդել ֆրանսիական քաղաքների քաղաքային խուրհուրդների վրա. նրանք քույր քաղաքների հռչակման փոխարեն այլ եզրաբանություն էին որոնում բնութագրելու համար երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագրեր ստորագրելու ակտերը։

Հստակ է, որ Բաքուն այս պայքարում առանձին չէ։ Անկարան իբրեւ փորձառու գլխավոր եւ ավագ գործընկեր եվրոպական դաշտում օգնում է իր եղբորը՝ իրավական հողի վրա բարձրացնելու համար բողոքները, եւ դրանց առընթեր քաղաքական շանտաժային վարքագծի որդեգրման հուշումներ կատարելով կառավարում՝ Բաքվի անունից կիրառվող խաղը։ Անկարան շանտաժային քաղաքականության հսկա փորձ ունի, որից պետք է օգտվի կրտսեր գործընկերը», -գրել է նա։

Հոդվածագիրը նշել է, որ միայն ֆրանսիական քաղաքները չեն, որ քույր քաղաքների ձեւաչափով որոշումներ են կայացրել եւ դրանց ուղղությամբ նաեւ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ում ծայր է առել նահանգային մակարդակի վրա Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց. նույնը՝ Ավստրալիայում.

«Հիմա, եթե բողոքարկումների իրավական հիմքը Ֆրանսիայի պարագային այն է, որ տվյալ երկրի կողմից ճանաչում չստացած պետության քաղաքների հետ ինչպե՞ս կարող է համաձայնագրեր ստորագրել, ապա այստեղ եւս տրամաբանությունը միեւնույնն է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ավստրալիան պաշտոնապես չեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, սակայն դա արգելք չի եղել, որ երկու երկրների նահանգները ճանաչեն Արցախը։ Այս առումով, ուրեմն Ֆրանսիայի դատական համակարգի կայացրած որոշումները իրավականորեն կարող են դյուրաբեկ լինել, եթե վաղը դրանք բեկանելու համար վերատեսության դիմումներ հղվեն համապատասխան ատյաններին»,-կարծիք է հայտնել թերթի խմբագիրը։

Այն որ, նահանգային եւ քաղաքային մակարդակների վրա Արցախի ճանաչման արշավն ու Ստեփանակերտի հետ համագործակցությունը, որը որոշակի ճանապարհ է անցել արդեն, հիմա արժանանում են իրավաքաղաքական հակազդեցությունների, ըստ նրա, ինքնին ցուցանիշ է, որ Բաքվի ժխտողականությունը Անկարայի հովանավորչությամբ պիտի շարունակի հակազդել. «Իսկ այս գործընթացներն ավելի համընդհանուր հայացքով նախանշում են, որ արցախյան հիմնահարցը վերածվել է ճանաչում-ժխտման առանցքային թեմայի, ինչը որ համահայկական աշխատանքների եւ պետություն-սփյուռքի կազմակերպություններ համագործակցության նոր ռազմավարության մշակման հրամայական են ընդգծում։ Սա ենթադրում է նաեւ, որ Արցախի ճանաչումը միջազգային հարթության վրա նոր ակտիվ փուլ է թեւակոխում»:

Ամենաընթերցվածը