Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոնդի պարսկական Թափաբաշի մզկիթի հայ բնակիչները
2019-06-15 14:30:03

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ժամանակի ու տարատեսակ ճաշակների հրամայականով արագ կառուցապատվող Երևան, և նրա պատմական կենտրոնում հնատարազ Կոնդ թաղամաս: Հին Երևանից մնացած վերջին թաղամասում պահպանվել է Կոնդի պարսկական Թափաբաշի մզկիթը:

Երևանցիներին առավել հայտնի է պրոսպեկտում գտնվող մզկիթը: Սակայն  Թափաբաշին Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանված մզկիթներից հնագույնն է: Հուշարձանների պահպանության ցանկում ընդգրկված ճարտարապետական այս կառույցը ծառայում է բնակավայր:

«Պապիկը  տնփեսա է: Այստեղ մայրս է եղել բնիկ կոնդեցի։ Այս բակի հնաբնակներից մնացել է միայն հայրս: Ես այստեղ բնակվում եմ 1962 թվականից»,-ասում է մզկիթի հնաբնակներից Գարուշ Վարդանյանը:

Շինության գմբեթը, ըստ տարբեր աղբյուրների, քանդվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով: Հիմնական ծավալի ներքին հատվածը ծառայել է բնակության համար: Սակայն այժմ այն 80-ամյա Գարուշ Վարդանյանի համար այլ նշանակություն ունի:

«Այն ազատ տեղն է: Այսպես ենք բարձրանում: Մեծ գմբեթ էր, փլվել է:

- Հիմա որպես ի՞նչ է ծառայում:

-Ոչ մի բան էլ չի ծառայում: Մի երկու ծառ ենք տնկել, հովանալու համար:

-Կարելի է ասել պապիկի կախովի այգիներն են»,- ասում է աղջիկը՝ Մարինե Վարդանյանը:

Տարեց զրուցակիցս հիշեց իր մուտքն այս տուն և նաև բակի մյուս բնակիչներին: Նախկինում մզկիթի տարածքում բնակվել է 15 ընտանիք, սակայն այսօր բակում ապրում է նրանցից 5-ը:

«Հետո աստիճանաբար, որ ժողովուրդը շատացել են, տեղ չի եղել բնակվելու փախեփախի տարիներն են եղել: 1920 թվականին եկել են այստեղ, մեծ սենյակները կիսել են ու բնակվել: 16 ընտանիք է բնակվել բակում։ Կամաց-կամաց մի քանիսը տուն են ստացել գնացել: Կեսն էլ սպասել են Կենտրոնից ստանալ բնակարաններ: Այդպես մնացել են: Գնացել ենք ռայսովետ, քաղսովետ: Շենքի պատը փլուզվել էր: Շատ պաշտոնյաներ են եկել ու  գնացել, սակայն ոչինչ չեն արել, գումար չկա: Եվ ոչինչ չարեցին»:

-Ոչինչ չեն անում և Ձեզ էլ թույլ չեն տալիս շինարարական միջամտություն իրականացնել:

-Մենք շինարարություն չենք կարող անել, դա մեծ գումարների հետ է կապված»,- ասում է զրուցակիցս:   

Պարսկական մզկիթի ողջ հնությունը պահպանված է: Բնակիչները սրբության սրբոցի պես են վերաբերվում հոգևոր այս կենտրոնին: Միայն կոսմետիկ վերանորոգումներով փորձել են ամրացնել խարխուլ շինությունը, ավելի հարմար դարձնել բնակության համար։ Ճարտարապետական լուծումները յուրաքանչյուր այցելուի հուշում է, որ սա մզկիթ է:

«Սա բուխարին է եղել իրանց: Մեր մեծերը տատիկ-պապիկներն են ասել, որոնք Կարսից են գաղթել ու հաստատվել այստեղ: Մենք էլ փորձում ենք ինչքան հնարավոր է պահպանել, քանի որ շատ են հետաքրքրվողները: Ասեցինք քանդվում է կամ գոնե պարսիկները գան  ինչ նոր մի բանով մեզ օգնեն: Դիմել ենք պարսկական դեսպանատանը, բայց մեզ մերժեցին, ասեցին  Ձեր պետությունը պետք է այդ հարցերով զբաղվի: Ունենք սեփականաշնորհման վկայական: Բայց շենքը պատկանում է  հուշարձանների պահպանության կենտրոնին: Մենք սենց անելանելի վիճակում ենք։ Եկեք շրջենք տանը, եթե կան պահպանված տարածքներ ցույց տաք»:

Բակի մյուս բնակիչներից Սաֆարյանների նախնիներն այստեղ են հայտնվել կրկին գաղթի տարիներին: Ըստ Սաթենիկ Սաֆարյանի՝ իրենց բնակարանի հատվածը մզկիթի աղոթատեղին է եղել:

«Մինչև քանդվելը այստեղ նորից շինություն է եղել: Ամբողջը պատ է եղել, փակ է եղել: Այստեղ են նամազ արել»:

-Դուք ասացիք, որ այստեղ  կա նաև  թուրքական փողոց:

-Այո՛, կոչվում է թուրքի ղարադաղլու»:

Թուրքի ղարադաղլուով մոտենում ենք մզկիթի հարևանությամբ պահպանվող ևս պարսկական ճարտարապետությամբ շինության: Սակայն ինչպես բնակիչներն են ասում, սա մզկիթի տարածքը չէ, այն եղել է բնակավայր և այդպես էլ շարունակվում է: Այս հատվածում բնակվում է երեք ընտանիք, սակայն միայն Ավետիսյանները կարողացան ներկայացնել շենքի պատմությունը:  Տան դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը,  կցկտուր տեղեկություններ փոխանցեց շենքի բուն գործունեության մասին: Ըստ նրա՝ այս շենքը եղել է մզկիթի մոլլաների բնակավայր: Իսկ այս տունը  նախնիները ձեռք են բերել թուրքերից 1963 թվականին։

«Պապիկս Կուլիբեկ անունով մեկից է գնել: Ինքը վաճառեց ու գնաց Բաքու: Իրանցից մենք ենք գնել:  Այ այս դռները տեսնում եք: Այս դռների բռնակները որ պոկեցի, հետևի մասում գրված էր, որ բռնակն արտադրված է 1822 թվականին»:  

Կոնդի բարեկարգման մասին խոսակցությունները մերթընդմերթ ակտիվանում են, մայրաքաղաքի գլխավոր հատակագծում յուրաքանչյուր նախագիծ-առաջարկում Կոնդի մասին է նշվում։ Բայց այստեղ բնակվողները դրանց այլեւս լուրջ չեն վերաբերվում։

Որովհետեւ ամեն մի քննարկման ու փոփոխության ժամանակ բերվում են նորանոր ծրագրեր ու դրանք եւս՝ նախորդների նման, շպրտվում հեռանկարային անելիքների պահոց:

0:00
0:00

Ամենաընթերցվածը