Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրանսիայի քաղաքապետերը բողոքարկում են դատարանների վճիռները
2019-06-14 18:38:13

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 29-ին եւ հունիսի 11-ին Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:

Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունները նոր թափ են ստանում՝ դատարանների կողմից քույր քաղաքների համագործակցության հռչակագրերի չեղարկման ֆոնին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։ Ընդգծում է՝ ֆրանսիական քաղաքական շրջանակները՝ պատգամավորները, քաղաքապետները, սենատորները այս օրերին համերաշխություն են հայտնում Արցախի իշխանություններին՝ ասելով, որ երկուստեք համագործակցությունը անխախտ է:

«Որեւէ քաղաք, նահանգ՝ դեպարտամենտ չի գնացել բարեկամական համագործակցության չեղարկման, այլ դատարաններն են, որ դատական գործերն են հարուցվել, որի արդյունքում էլ որոշում են կայացրել: Ընդհակառակը, քաղաքապետերը եւ նահանգապետերը համոզված են, որ իրենց ստորագրված տեքստերը ուժի մեջ են մնալու, եւ այդ առումով, եթե նույնիսկ բեկանվեն էլ դատարանի կողմից՝ անխախտ է մնալու  բարեկամությունը: Վերջին օրերին անգամ կա առաջարկություն, որ այլ քաղաքներ եւ նահանգներ, միավորներ ստորագրեն բարեկամական նոր հռչակագրեր»:

Ֆրանսիական դատարանների կողմից կայացված իրավական որոշումները Արցախ-Ֆրանսիա բարեկամ երկրի քաղաքապետերը պատրաստվում են բողոքարկեն՝ մեզ հետ զրույցում փոխանցեց Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչը եւ, մեկնաբանելով վարչական դատարանների որոշումը, հստակեցրեց, որ դատարանները վճիռ են կայացրել ելնելով այն հանգամանքից, որ Արցախը Ֆրանսիայի կողմից ճանաչված չէ, եւ ըստ օրենսդրության, միայն երկրի նախագահն ու կառավարությունն են լիազորված կնքել լիազորագրեր, պայմանագրեր:

«Սա է պատճառը, որ արդեն քաղաքապետերը հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումները, եւ շատ դեպքեր են եղել, որ առաջին ատյանի կողմից կայացրած որոշումը փոխվել է : Բայց այն, որ դատարանների որոշումների հետեւանքով Ֆրանսիայում այսօր կա մեծ համերաշխություն եւ համախմբվածություն, փաստ է»:

Հովհաննես Գեւորգյանը չի բացառում, որ դատարանների որոշումները ադրբեջանական լոբբինգի եւ կոռուպցիոն դրսեւորումների հետեւանք են, քանի որ Բաքվի գործելակերպը մշտապես միտված է եղել Արցախի մեկուսացմանը։ Բայց  անգամ նման դեպքում, ըստ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչի, Ֆրանսիան, լինելով համանախագահող երկիր, որպես տարածաշրջանի խաղաղության երաշխավոր իր միջնորդական դերակատարությունը կշարունակի փայլուն իրականացնել:  

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը նույնպես կարծում է, որ Ֆրանսիայի կողմից Արցախի 4 քաղաքների միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագրերի չեղարկումը Ադրբեջանի ճնշման արդյունք է: Ըստ Մինասյանի՝ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության անդամ, չեղարկելով Արցախի հետ բարեկամության հռչակագրերը, ցանկանում է իր հավասարակշռությունը եւ այսպես ասած «չեզոքությունը» պահել, քանի որ Բաքուն տարբեր հարթակներում պնդում է, որ չի կարող համանախագահող երկիրը բարեկամության հռչակագրեր կնքել միջազգայնորեն չճանաչված երկրի հետ:

«Բացասական չեմ մոտենում, ես լավատես եմ: Ֆրանսիայում մինչեւ հաջորդ  նախագահական ընտրությունները՝ 2022 թվականը, ամեն տարի ընտրություններ կան, եւ պետք է աշխատել բոլոր քաղաքական ուժերի եւ թեկնածուների հետ, ասելով, որ այլ բավ է: Ձեզանից հաշիվ պետք է հարցնենք, կամ մեզ հետ եք, կամ՝ ոչ: Մենք բոլոր հարցերին այլ կերպ պետք է մոտենանք»:

Կայծ Մինասյանի դիտարկմամբ, այս ամենում նաեւ տնտեսական բաղադրիչ կա, քանի որ երկու երկրները առեւտրային լավ գործընկերներ են: «Այս որոշմամբ ազդակ ուղարկվեց Բաքու՝ տնտեսական նոր համագործակցության հեռանկարի եւ նոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից»,- ասում է Կայծ Մինասյանը:

Քաղաքագետը կարծում է պատասխանատվության բաժինը նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի եւ ՀՀ –ի վրա է ընկած, եւ հարկավոր է փոխել կազմակերպությունների գործելակերպը ու կեցվածքը, եթե ոչ նման փոքրիկ պարտություններն անխուսափելի են:

Ֆրանսիա- Արցախ բարեկամական հարաբերություների հաստատումը սկսվել է 1998 թվականից, երբ Ֆրանսիական Վիլյորբան քաղաքը բարեկամության համաձայնագիր կնքեց  Ստեփանակերտի հետ: Ու մինչ օրս Ֆրանսիայի 12 քաղաքներ բարեկամական համաձայնագրեր ունեն կնքած Արցախի տարբեր շրջանների հետ: Ֆրանսիան նաեւ եվրոպական այն երկրներից է, որտեղ գործում է Արցախի մշտական ներկայացուցչություն:

0:00
0:00

Ամենաընթերցվածը