Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էրեբունի ամրոցում կեղծ էր միայն հրդեհի ահազանգը
2019-06-13 19:16:32

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Էրեբունի ամրոցում հրդեհի վերաբերյալ առավոտյան հնչած ահազանգը բարեբախտաբար կեղծ է եղել, բայց թանգարանի նորանշանակ տնօրեն Միքայել Բադալյանն ահազանգում է՝  ինչպես «Էրեբունի»  պատմահնագիտական  արգելոց-թանգարանում, այնպես էլ նրա երկու մասնաճյուղերում արձանագրած բազմաթիվ խնդիրների մասին: Խոստանում է՝ մեկ տարի անց արդեն այլ պատկեր է խոստանում:

Հրդեհի վերաբերյալ ահազանգի հետքերով  այսօր հրշեջ խումբ է ժամանել «Էրեբունի»  ամրոց: Ինչպես խումբը, այնպես էլ 911 ծառայության զանգից հետո անմիջապես ամրոց հասած տնօրեն  Միքայել Բադալյանը պարզել են՝  ահազանգը կեղծ  է:  Այս անգամ, կարելի ասել, բախտը ժպտացել է, բայց դա չի նշանակում, որ «Էրեբունի»  պատմահնագիտական  արգելոց-թանգարանը ապահովագրված է նման վտանգներից:

«Խնդիրն այն է, որ «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանը՝ իր մասնաճյուղերով հանդերձ, չունի տարրական հակահրդեհային համակարգ: Կա հրդեհավտանգ վիճակ, չունենք նաև ոռոգման համակարգ»:

Եվ հակահրդեհային, և ոռոգման համակարգերի վերաբերյալ տնօրենն արդեն ահազանգել է համապատասխան մարմիններին, հուսով է, որ լուծումը չի ուշանա: Թանգարանում ընդհանրապես անելիքը շատ է, ասում է՝ վատ ժառանգություն է ստացել:

«Այստեղ գրեթե չկա որևէ աշխատող օղակ: Անտեսվել են «Էրեբունի»  պատմահնագիտական  արգելոց-թանգարանի մասնաճյուղերը: Պարզ օրինակ՝ Թանգարանային գիշեր կամ այլ միջոցառումներում երբեք ներգրավված չեն եղել Կարմիր բլուրը կամ Շենգավիթը: Առաջին անգամ դա արվեց այս տարի: Պետք է այնպես անել, որ Թանգարանի երեք մասնաճյուղերը զարգանան համաչափ»:

Ըստ տնօրենի, աշխատանք չի տարվել հուշարձանները հանրահռչակելու ուղղությամբ: Բացը լրացնելու համար արդեն լուրջ ծրագիր է մշակվել: Փոփոխության կենթարկվի նաև «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը: 

Լուծելու բազմաթիվ խնդիրներ կան հատկապես ամրոցի տարածքում:

«Ամրոցի տարածքում չկային ցուցանակներ, մինչև վերջերս չկար զուգարան, զբոսաշրջիկներն իրենց կարիքները երբեմն հենց տարածքում էին հոգում»: 

Ամրոցի տարածքում զուգարանի հարցն արդեն լուծված է: Տնօրենը վերանայման կարիք է տեսնում նաև կադրերի հարցում: Կոլեկտիվում նոր մոտեցումներ ու մտածելակերպ է անհրաժեշտ որդեգրել, ասում է:

Գիտահետազոտական աշխատանքի ոլորտում ևս բացթողումներ է արձանագրում. «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ  վերջերս մաքրման հսկայական աշխատանք կատարվեց Էրեբունի թանգարանի մասնաճյուղում:

«Շուրջ 700 բեռնատար շինաղբ է հեռացվել տարածքից»,- ասում է տնօրենը՝ համոզված, որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է արդյունքի հասնել:

Էրեբունի  թանգարանում  ինչպիսի պատկեր կարող ենք ունենալ առնվազն մեկ տարի հետո։ Հարցին Միքայել Բադալյանն արձագանքում է. «Կունենանք համակարգ փոխված մտածելակերպով, որպեսզի «Էրեբունի»  պատմահնագիտական  արգելոց-թանգարանը ընկալվի որպես գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և ինտելեկտուալ ժամանցի կարևոր հարթակ՝ իր մասնաճյուղերով հանդերձ»:

0:00
0:00

Ամենաընթերցվածը