Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շահարկումնե՞ր, թե՞ օբյեկտիվություն. մեկնաբանություններ Արցախի պաշտոնանկությունների շուրջ
2019-06-13 17:59:41

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

2020 թվականին սպասվող նախագահական եւ խորհրդարանական  ընտրություններից առաջ  Արցախում կադրային փոփոխություններ կատարվեցին: Այդ քայլերը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձան՝ հատկապես այն բանից հետո, երբ դրանք հաջորդեցին Հայաստանի իշխանությունների անթաքույց քննադատություններին: Արցախում պաշտոնանկություններին են այսօր անդրադարձել եւ  Հայաստան-Ացախ հարաբերությունները գնահատել փորձագետները: Կա համակարծություն, որ պաշտոնանկությունների հարցն ավելի շատ ենք  կարեւորում, քան անհրաժեշտ է:

Անկախ նրանից, թե ով՝ ինչ կարգավիճակ է տեսնում Արցախի համար, միեւնույնն է, տասնամյակներ ի վեր գործել է մի սկզբունք. Ստեփանակերտում «դե ֆակտո» իշխանությունները պետք է «համահունչ» լինեն Երեւանի հետ: Նկատելով այս հանգամանքը՝ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ դա ճիշտ սկզբունք է: Ըստ նրա՝ Արցախյան պաշտոնանկություններին էլ պետք է նայել ոչ թե որպես Հայաստան-Արցախ հարաբերությունների, այլ՝  «երեւանյան վերնախավ եւ Ստեփանակերտի վերնախավ» եզրույթով.    

«Տեղի է ունենում  էն, ինչ որ, բնական է, պետք է վաղուց տեղի ունենար: Մայաստանի մայրաքաղաքում, իսկ Հայաստան ասելով ներառնում եմ նաեւ Արցախը, տեղի է ունեցել, ըստ տարբեր մոտեցումների՝ հեղափոխություն-իշխանափոխություն, հետեւաբար էս գործընթացը պիտի ներառի իր մեջ նաեւ ստեփանակերտյան վերնախավը»:

Ըստ Արա Պապյանի՝ տեղի ունեցած հեղափոխությամբ մերժվել է ինչ-որ համակարգ, մարդկանց մեծ խումբ: Նրա ձեւակերպմամբ՝ այսօր Արցախում իշխողները, այդ թվում նրանք, որոնք հեռացել են, մաս են կազմում հին վարչախմբի, հետեւաբար, պիտի հեռանան եւ հնարավորություն տան, որպեսզի նոր, թարմ ուժեր գան այդ համահունչ եւ համերաշխ հարաբերությունները շարունակելու համար:


Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ, նկատում է, որ, մասնավորապես, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության հարցը շահարկումների թեմա է դարձել: Նա համոզմունք հայտնեց, որ պաշտոնանկությունները ներքաղաքական զարգացումներով՝ ընտրություններին մասնակցելու նրա ցանկությամբ են պայմանավորված եւ կապ չունեն միջպետական վարկի հետ, ինչպես որոշ լրատվամիջոցներում փորձ է արվում ներկայացնել: 

«Արցախի կադրային մյուս փոփոխությունները նույնպես սպասված էին եւ ակնհայտ է, որ պայմանավորված էին 2020-ի ընտրությունների հետ կապված ներքաղաքական գործոններով: Այնքան էլ սիրուն եւ ազնիվ չէ  երեւանյան որոշ ուժերի կողմից այդ փաստի շահարկումը: Հատկապես, որ շահարկում են միջպետական վարկի թեման»:    

Շահարկումներ չպետք է թույլ տալ՝ ասաց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյաը: Նա կարծում է, որ պետք է հասկանալ, որ եթե մարդը գնում է  քաղաքականություն՝ հարցերին վաղ թե ուշ պատասխանելու է, ուստի՝ պետք է համբերատարություն դրսեւորել: Որեւէ խնդիր պետք չէ էստեղ ավելի ուռճացնել, քան ինքը կա՝ ասաց:

 «Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ցանկացած անցուդարձ միշտ պայմանավորված է մեկ գլխավոր՝ անվտանգության խնդրով: Դրանից ելնելով Հայստանում էլ շատ դեպքերում փոփոխվելով անվտանգության ինստիտուտներում մնացին հին պրոֆեսիոնալները, ոչ թե նոր դեմքեր եկան:  Նմանատիպ խնդիրներ էլ Արցախում է տեղի ունենալու, որտեղ կադրային բազան այնքան մեծ չէ:  Բնականաբար, այդ անվտանգության կոմպենենտը հաշվարկելով, նաեւ տեղի են  ունենում այն գործընթացքները, որոնք սպասվում են ապագայում՝ զարգացումների հաշվակներով»:

Բացի այդ, Թեւան Պողոսյանի գնահատմամբ, մյուս կողմից էլ Արցախյան պաշտոնանկությունները պայմանավորված են Արցախում 2020-ին սպասվող ընտրություններով: Քաղաքական հայտ ներկայացնելու նպատակ ունեցող պաշտոնյաները պետք է վաղ թե ուշ ավելի շատ զբաղվեին իրենց քաղաքական խնդիրներով: Դա բնական է: Այլ հարց է, թե ինչպես է հայաստանյան մամուլն արձագանքում դրանց:

 «Չմոռանանք, որ էստեղ էլ է քաղաքական պայքար: Կա իշխանություն եւ ընդդիմություն եւ, բանականաբար, մամուլում տարբեր ձեւերով կարող են մանիպուլիացիաներ անել՝ փորձելու իրենց համար քաղաքական  դիվիդենտներ շահել»: 

Շեշտը պետք է դնենք ապագայի վրա եւ ավելի չլարենք ինտրիգներ հորինելով՝ հավելեց Թեւան Պողոսյանը: Նա կարծում է, որ փոխարենը պետք է մտածել, թե ինչպես անել, որ Արցախում ընտրական գործընթացներն ավելի ժողովրդավարական լինեն, քանի որ հենց դրանով կնպաստենք անվտանգության այդ բաղադրիչի զարգացմանը: Իշխանության ձեւավորման «քարտը» պետք է այնքան մաքուր լինի, որ բանակցություններում խոսքն ունենա իսկապես ծանր կշիռ եւ արդյունք՝ եզրափակեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

0:00
0:00

Ամենաընթերցվածը