Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին միաձայն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը: Այն կրում է «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտահայտում» անունը: Փաստաթղթով առաջարկվում է Թուրքիայի դեմ կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը:
Միաժամանակ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը դադարեցրել է թուրք օդաչուների ու հրահանգիչների ուսուցումը, որոնք ԱՄՆ էին ժամանել F-35 ռազմական օդանավերի կառավարումը սովորելու նպատակով: Նրանց համար փակվել է նաև օդանավերի տեխնիկական տեղեկատվությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը անդրադառնալով ԱՄՆ քայլին նշել է, որ այն ոչ մի աղերս չունի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ:
Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի երկիր, մեծ կարևորություն է ունեցել ԱՄՆ-ի համար ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի զսպման գործում: Բայց հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցում է նկատվում, Թուրքիան այդ գործառույթը կորցնում է, ավելին, ինչ-որ տեսանկյունից հանդես է գալի որպես ռուսական շահերի աջակից, մեկնաբանելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա սրացումը «Ռադիոլուրին» ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Այստեղ ոչ միայն S 400-ների խնդիրն է, այլև աշխարհաքաղաքկան դիրքորոշման փոփոխությունը: Վաշինգտոնը, բնականաբար, կիրառելու է փափուկ միջոցները՝ սկսած զենքի վաճառքի, օդաչուների պատրաստման կրճատումից, վերջացրած որոշ գործոնների ակտիվացումից՝ հունական հարց, քրդական հարց, հայկական հարց: Ես պատահական չեմ համարում, որ հունական կողմի նախաձեռնությամբ Նիկոսիայում տեղի ունեցավ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը և որոշակի առանցք է ձևավորվում: Չեմ բացառում, որ հույներին այդ խորհուրդը տվել են ամերիկացիները: Կարծում եմ աստիճանաբար ամերիկյան ճնշումը կավելանա»:
Արա Պապյանի համոզմամբ, Անկարան, գնալով դաշնակցի հետ առճակատման դնում է ոչ միայն իր ռազմական կարիքների խնդիրը:
«Կարծում եմ՝ Թուրքիան ԱՄՆ-ին ուզում է ասել, որ ինքն արդեն մեծ տղա է և դուրս է ԱՄՆ հովանավորությունից: Բայց ավելի շատ Թուրքիան ցանկանում է Միջին Արևելքի իսլամական աշխարհին ցույց տալ, որ ես եմ այն ուժը, որը կարող է դիմակայել Միացյալ Նահանգներին: Դա նուրբ խաղ է. մի կողմից Թուրքիան պետք է փորձի շարունակել խաղը, բայց մյուս կողմից չվնասել այդ հարաբերություններին»:
Արա Պապյանը վստահ է, որ առաջիկայում հայոց ցեղասպանության խնդրով առավել ակտիվություն պետք է ակնկալել:
«Ցեղասպանությունը, հայկական հարցը կսկսի ավելի ակտիվ շոշափել: Չեմ բացառում և հուսով եմ, որ Վիլսոնի իրավարար վճռի հարցը կարծարծվի: Դա կարվի սկզբում հանրային դաշտում, իսկ եթե Թուրքիան հետ չկանգնի, ավելի պրակտիկ դիվանագիտության մեջ կօգտագործվի»:
Ամերիկյան կողմի երեկվա կոշտ քայլից հետո այսօր տեղեկություն է ստացվել, որ Վաշինգտոնն ու Թուրքիան կքննարկեն S-400 և F-35 համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը. վաղը կայանալու է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը: Բացի այդ, Բյուսելում՝ հունիսի 26−27-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալու է երկու գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Վաշինգտոնի՝ Անկարային ներկայացրած վերջնագրի ժամկետը լրանում է այդ հանդիպումից մեկ ամիս անց՝ հուլիսի 31-ին:
Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից