Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
«Ոսկե ծիրան»-ը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»,-երևանյան 16-րդ միջազգային կինոփառատոնին նվիրված ասուլիսում այսօր հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:
Չնայած փառատոնին հատկացվող պետական ֆինանսավորումն այս տարի գրեթե կիսով չափ նվազել է, բայց կազմակերպիչները վստահեցնում են՝ որակն ու բովանդակությունը դրանից շատ չի տուժել:
Նրանք ներկայացրել են այս տարվա կինոփառատոնի պաշտոնական պաստառը, ինչպես նաև անդրադարձել սպասվող միջոցառումներին:
Ամառային Երևանի մշակութային «պիկն» ապահովող «Ոսկե ծիրանն» այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, «Ոսկե ծիրան»-ում այս տարի գրեթե ամեն ինչ նոր է։ Փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, 16-րդ «Ոսկե ծիրան»-ի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել են երիտասարդները:
Փոփոխություն է արձանագրվել նաև գերատեսչական հարթակում։ Փառատոնն առաջին անգամ համագործակցում է ոչ թե ՀՀ մշակույթի, այլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
Մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանն էլ այսօր ի պաշտոնե առաջին անգամ ներկա էր փառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսին.
«Ոսկե ծիրան»-ը նոր չէ, որ հաստատել է իր տեղը մշակութային կյանքում, հաստատել է իր միջազգային նշանակությունը, և կարծում եմ, որ մշակույթի պետական քաղաքականության առանցքային կետերից մեկը երկրի միջազգային դիրքավորումն է, միջազգային վարկանիշի բարձրացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրան»-ը հենց այդ նախագծերից մեկն է»:
«Ոսկե ծիրան»-ում այս տարի շատ բան է փոխվել, բայց ոչ փառատոնի ամենահավատարիմ գործընկերը: Արդեն 16 տարի երևանյան կինոփառատոնն իրականություն է դառնում շնորհիվ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Ի դեպ, հենց վերջինին հասցեագրելով իր խոսքը, Արա Խզմալյանն ասաց. «Յուրաքանչյուր երկրի քաղաքակրթության չափանիշներից մեկը մասնավոր հատվածի ընդգրկվածությունն է մշակույթի մեջ»:
Ռալֆ Յիրիկյան. «Փառատոնն իրականացնում է շատ կարևոր առաքելություն՝ ոչ միայն նպաստելով կինոարվեստի զարգացմանը, այլև մեր երկրի անունը աշխարհի քարտեզի վրա ավելի տեսանելի դարձնելով»:
«ՎիվաՍել ՄՏՍ»-ն այս տարի ավելացրել է ֆինանսական աջակցությունը, որը մասամբ մեղմել է փառատոնի ֆինանսական խնդիրները: Շուրջ 57 միլիոնի փոխարեն «Ոսկե ծիրան»-ին տրամադրված պետական աջակցությունն այս տարի կազմել է 30 միլիոն:
Հարություն Խաչատրյանի խոսքով, պատճառը տեխնիկական էր:
Վերահաստատելով Հարություն Խաչատրյանի տեսակետը մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը ևս համաձայնեց՝ պետք է վերանայվեն դրամաշնորհային մրցույթների մասնակցության պայմանները: Այս ոլորտում կառավարությունը լուրջ անելիք ունի:
«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հասմիկ Հավհաննիսյանն էլ ներկայացրեց 16-րդ կինոփառատոնի պաշտոնական պաստառը:
Երիտասարդ տնօրենը հուսով է, որ փառատոնի օրերին սոցիալական ցանցերում շատ կտեսնենք՝ կոֆե, կենտրոն, կինո արտահայտությունը, և մարդիկ միմյանց հրավիրելով կգնան, նրա բնորոշմամբ, փախած ու ամենատարբեր տեսակի ֆիլմեր դիտելու: Ի դեպ հարցին՝ արդյոք ֆինանսների սղությունը չեն ադդել փառատոնի որակի ու բովանդակության վրա, Հարություն Խաչատրյանն արձագանքեց. «Ինչպես միշտ, հրաշալի ֆիլմեր ու հրաշալի հյուրեր ենք ունենալու»:
16-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի թվում մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասն է: