Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նորարար այգեգործը
2019-06-12 11:36:00

Սաթիկ Իրահակյան
«Ռադիոլուր»

Մրգաշատցի այգեգործ Երեմ Առաքելյանը հետաքրքված է խաղողի սելեկցիոն նոր տեսակներով, որոնց մատերը ներկրում է աշխարհի տարբեր անկյուններից, փորձարկում իր այգում: Արդյունքներից գոհ է: Երեք տարվա ընթացքում արդեն քաղել է բերքը: Խաղողի նոր սորտերն իրենց տեսքով, կշռով ու համով գոհացրել են այգեգործին: Բացի խաղողից հիմնել է նաև պտղատու այգի. «Էս քիշմիշ ա, սև քիշմիշ՝ կարմիր հյութով: Սրա գինին անցած տարի ստացել եմ, ֆրանսիացիները դեգուստացիա արել են, հավանել են, մեծ ակնկալիքներ ունեի և առաջարկն եղավ»:

Մրգաշաատցի Երեմ Առաքելյանը ներկայացնում է դրսից ներկրած խաղողի սելեկցիոն նոր սորտը, որ կարելի է ասել իր այգու զարդն է: Հայտնի գինեգործներն առաջարկել են նոր խաղողից ստանալ էկո գինի: Այժմ այգու ծաղկման շրջանն է: Երեմն ամեն օր այգի մտնելով նոր հրճվանք է ապրում՝ տեսնելով որթի աճը:

Նա մասնագիտությամբ գյուղատնտես է և վերջին տարիներին համացանցի միջոցով կապ հաստատելով աշխարհի տարբեր այգեգործների հետ, փորձում է իր հողատարածքում հիմնել այն լավագույն սորտերը, որոնք համով, արտաքին տեսքով ու բարձր բերքատվությամբ տարբերվում են ավանդաբար իր մշակած այգու խաղողից: Յուրաքանչյուր վազի թփին առանձնահատուկ վերաբերմունք ունի.

«Ուրեմն՝ 3-րդ տարին է, որ այս խաղողն ունեմ: Ընդամենը 2 հատ մատ բերեցի, տնկեցի, 3-րդն ավելացրել եմ՝ անդալիզային սիստեմով: Հիմա սրանից վերցնում եմ հումք մատ, պլաններ ունեմ հետագա այգի հիմնել: Էս խաղողը իմունիտետով խաղող է, այսինքն՝ սնկային հիվանդություններ սրան չի կպնում: Կոնկրետ, ռկածիթելի խաղողի վազին փաթաթել էի, միլդիու հիվանդությունը վարակեց ռկածիթելիին, էս մաքուր մնաց»:

Հիմա փորձում է նաև իմունայնությունը մյուս սնկային հիվանդության նկատմամբ, որոնք տարածվում է գերխոնավությունից: Քիշմիշի նոր սորտի մի ողկույզն իր չափերով տարբերվում է նույնիսկ ծաղկման շրջանում: Խաղողի նոր սորտեր հիմնելու պատճառը տարիների դառը փորձն էր նույն սորտի իրացման հետ կապված: Տարիներ առաջ Երևանի գինու, կոնյակի և օղու գործարանի Ամասիայի մասնաճյուղում 1 տ 700 կգ խաղողն ընդունել և գումարը չէին տվել. «Առաջին բերքը մեր գործարարները քթիցս բերեցին՝ խաբել, վարկաբեկել, գցել, ամեն ինչ գլխներիս արեցին»:

Բողոքներն ապարդյուն են եղել, որից հետո որոշել էր զբաղվել սելեկցիոն նոր տեսակների մշակմամբ, որոնք ավելի վաղահաս են և եկամտաբեր.

«Էս տարի գարնանային ցրտահարություններն ահագին վնասեցին, բայց սրա առավելությունը մյուս տեսակի խաղողներից այն է, , որ ցրտահարված շիվին փոխարինում է քնած բողբոջը, որից դուրս է գալիս նոր շիվը և 50-60 տոկոսով ապահովում բերքատվություն»:

Մի շարքի վրա միայն խաղողի նոր սորտերն էին, թվում է, բոլորն իրար նման են, սակայն այգեգործը տարբերում էր անունով ու վայրով: Յուրաքանչյուր մատի համար թանկ է վճարել:

Այգու մշակման իր տեխնոլոգիան ունի, գտել է մոլախոտերի դեմ պայքարի ձևը, շուտ չի ոռոգում, որպեսզի ոչ վազը վնասվի, ոչ մոլախոտերն արագ աճեն: Ասում է մոլախոտերի դեմ պայքարի միջոցները որակազրկում են հողը: Ամռան շոգին հողի խոնավությունը պահպանելու համար քաղած խոտը թողնում է տեղում, որը միաժամանակ հումուս է դառնում:

Վազերի միջև ընկած տարածությունը մաքրելու, այգին սրսկելու նպատակով ինքնաշեն տրակտոր է հավաքել նախկին «Ժիգուլի» մակնիշի մեքենայի մասերից, պատրաստել է նաև արոր: Տրակտորին ամրացրել է 400 լ տարողութան բաքն ու իր ձեռքով պատրաստած սրսկիչները: Փափուկ անիվները չեն վնասում այգու տարածքով փռված արմատների վերին շերտը: Ոռոգման պիկ շրջանում օգտագործում է 15մ խորությամբ հորատած խորքային հորքը, որը մի կերպ բավարարում է այգու մի մասի՝ 50մ-ի ոռոգմանը: Ասում է՝ ընդերքի ջուրը պակասել է. «Երկու տարի առաջ 12 000 ռուբլու մատներ էի բերել, տեղաձևումն արեցի, տնկեցի, չկարեցա ջրեի, էդ էքսկլյուզիվ խաղողներս սաղ չորացան»:

Խաղողի այգիների կողքին հիմնել է նաև պտղի տարբեր տեսակի ծառեր, կեռասենու, տանձենու, սալորի, խնձորի տարբեր սորտեր, ընկուզենի, կաղնի, նշենի: Կեռասի բերքն արդեն համտեսել է՝ մսալի է ու քաղցր: Դեռ չի վաճառում, ընտանիքի ու հարազատների համար է: Նրա միակ օգնականը 13- ամյա որդին է՝ Անրին, որոշել է ծրագրավորող դառնալ: Ռադիոլուրի հարցին՝գյուղատնտեսությունը չի ձգու՞մ իրեն, չի՞ ցանկանում շարունակել հայրիկի գործը՝ տղան թոթվեց ուսերը, պատասխանելով՝ չգիտեմ, բայց ամեն օր այգում է ու հայրիկի լավագույն օգնականը:

Մինչ մենք զրուցում էինք, Անրին նստեց ինքնաշեն տրակտորի ղեկին ու անցավ գործի: Երեմ Առաքելյանը այլոց չի վստահում այգու մշակությունը: Աշխատողներն այգի են մտնում այգեբացին, բերքահավաքին ու այգեթաղին, որոնց կատարած աշխատանքը իր սրտով չէ:

Նորարար այգեգործը համբերատար սպասում է խաղողի սելեկցիոն սորտերի նոր միջավայրի հարմարվելուն, որպեսզի ավելացնի դրանց տարածքները:

0:00
0:00

Ամենաընթերցվածը